Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք հեղափոխություն ենք արել, մեր ժողովուրդը պիտի ավելի լավ ապրի, բայց այս ամենը դրա մասին չի խոսում․ Երվանդ Երզնկյանն ահազանգում է (տեսանյութ)

Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են` իրենց բակում բարձրահարկ շենք է կառուցվում, որն, ըստ նրանց, ամբողջովին փակելու է իրենց շենքը։ Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են տարբեր գերատեսչությունների, այսօր էլ հանդիպում ունեցան Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ, նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը։

Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ ամբողջ տարածքում չկա խաղահրապարակ, այգի, տեղ, որտեղ երեխաները կարող են իրենց ժամանակը անցկացնել, մինչդեռ, իրենց շենքի հարկից հատվածում նման վայրեր կառուցելու փոխարեն պատրաստվում են էլիտար շենք կառուցել։

Սարհատ Պետրոսյանն իր հերթին բնակիչների հետ զրույցում նշեց, որ շարունակվում է հին տրամաբանությունը՝ շինթույլտվություններ են տրվում առանց երկար-բարակ մտածելու։

Նրա խոսքով՝ նման դեպքերի բարձրաձայնումը կարող է նախադեպային լինել, որպեսզի այլևս չտրվեն նման շինթույլտվություններ։

 «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ, Աղբյուր Սերոբ 7 հասցեում գտնվող շենքի բնակիչ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ շենքի կառուցումը խաթարում է տարածքում ապրող մարդկանց արժանավայել ապրելու իրավունքը․

«Մենք հույսեր ունեինք, որ այս հատվածը միգուցե վերածվի կանաչ տարածության, խաղահրապարակի, բայց պարզվեց, որ քանդվում է, ու դրա փոխարեն ինչ-որ բազմաբնակարան շենք է կառուցվում առանց որևէ ծանուցման, բնակիչների կարծիքը հաշվի առնելու»։

Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը ևս նշված շենքի բնակիչ է, վերջինս լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ առնվազն երկու տարի ստիպված են լինելու ապրել աղմուկի և փոշու պայմաններում։

Կոմպոզիտորը հարց բարձրացրեց, թե 2-3 հոգու հարստանալու համար ինչու՞ բնակիչները պետք է տուժեն,Երզնկյանը նաև կասկած հայտնեց կոռուպցիոն ռիսկերի մասին․

«Ես չեմ ուզում մտածել, որ հեղափոխական երկրում այնպիսի վիճակ է, ինչպես նախկինում, ես հավատում եմ, որ եթե մենք հեղափոխություն ենք արել, ապա մեր ժողովուրդը պիտի ավելի լավ ապրի, բայց այս ամենը դրա մասին չի խոսում»։