Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Հասարակություն

Հեղափոխականները մտնում են դպրոց․ հանրակրթությունը բարեփոխման ճանապարհին (տեսանյութ)

ԿԳՄՍ ներկայացրած՝ հանրակրթական ծրագրերի բովանդակությունը սահմանող  նոր չափորոշիչները ռումբի նման պայթեցին Հայաստանի ոչ միայն կրթական ու գիտական, այլև քաղաքական դաշտում:

Քննադատությունները ծայրահեղ բացասական ձևակերպումներով էին հատկապես հայագիտական՝ պատմություն և գրականություն առարկաների չափորոշիչների վերաբերյալ։  Մասնագետները մտահոգիչ էին համարում չափորոշիչների ձեւակերպումները։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն ասում է, պատմություն առարկայի չափորոշիչներն ուսումնասիրելիս թվում է, թե թշնամու կերպար չպետք է լինի:

«Այսինքն մենք՝ հայերս, պետք է հրաժարվենք ընդհանրապես թուրքին վայրագ, բարբարոս ասելուց, բայց պետք է իմանանք նրա հետ համակեցության կանոնները», -ասում է պատմագետը։

Մեկ այլ պատմամբան՝  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ համարում է, որ այդ չափորոշիչները մեզ տանում են փակուղի և ազգային նկարագիր ձևավորելու առումով առոչինչ են: Թե Ա․Մելքոնյանը, թե Ա․Մովսիսյանը հեղինակել են այսօրվա պատմության դասագրքերը։

Եվ խնդիրն այնն է, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը թուրք հեղինակների հետ միասին գրել է «Հայաստանում եւ Թուրքիայում  պատմության ուսուցման եւ  այլընտրանքային չափորոշիչների  վերաբերյալ աշխատությունը։  Քննադատներն ասում են՝ պատմության առարկանների չափորոշիչները կրում են այդ աշխատության ազդեցությունն, ու այդ հանգամանքի վրա հրավիրում են Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։

«Շատ ցավում եմ, որ գիտության մեջ խոսում ենք մանիպուլացիաների լեզվով: Ես արդեն փոխադարձ հայտարարությամբ հանդես եկել եմ ու ասել, հիմա ես եմ պահանջում, որ այդ մարմինները զբաղվեն դրանով, որովհետև հարցեր տվողը ես եմ լինելու»,- հակադարձում է Լ․Մկրտչյանը։

Լ․Մկրտչյանը, որը դասավանդում է «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում, ասում է, կրթության բարեփոխումների, հանրակրթության չափորոշիչների մշակման գործում առաջին անգամ մեծ դերակատարում է ունեցել ուսուցիչը: Մինչ այդ, դա եղել է գիտնականների, պրոֆեսորադասախոսական խմբերի մենաշնորհը:

Հանրակրթության չափորոշիչները մշակել են բաց մրցույթով ընտրված մոտ յոթանասուն փորձագետներ: Պատասխանատուներն ասում են, բաց ենք քննարկումների համար, պատրաստ ընդունել առողջ առաջարկություններն ու վերանայել նախագիծը:  

Ի դեպ, առաջարկվող փոփոխություններից մեկը, իսկապես, հեղափոխական է Հայաստանի հանրակրթության ոլորտում՝ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը աշակերտներին չի նշանակվելու գնահատական: Նախատեսվում է պարբերաբար ներկայացնել աշակերտի բնութագիրը, որտեղ նկարագրված կլինի, թե ինչ ուժեղ կողմեր ունի և ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի ավելի լավ արդյունք ունենա: Այս դեպքում արդեն կա փոխըմբռնում: ԿԳՄՍ նախարարությունից հավատացնում են, որ իրենք մտադիր են մշակել այնպիսի չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր և կազմակերպել այնպիսի հանրակրթություն, որ դպրոցն ավարտած երիտասարդը լինի ինքնուրույն, ազատ մտածող մարդ, հարուստ՝ գիտելիքներով և ինքնակրթվելու մղումով։

Կրթական նոր բովանդակությունը դպրոց, այս ուսումնական տարվանից չի մտնի: Նոր չափորոշիչներով հանրակրթությունը ներդրվելու է 2022-2023 ուսումնական տարում։ Չափորոշիչների հաստատումից հետո մշակվելու են ուսումնական նյութեր, ուսուցիչների վերապատրաստման մոդուլները։ Մինչ այդ չափորոշիչները կփորձարկվեն գյուղական ու քաղաքային տարբեր դպրոցներում: Փորձարկման հիման վրա չափորոշիչները կլրացվեն, եւ  կմշակվեն դասագրքեր: Այդ գոծընթացը կզուգակցվի ուսուցիչների լայնածավալ վերապատրաստմամբ:

Ամբողջությամբ պետք է վերանայվի նաև մանկավարժների պատրաստման մեթոդը, որպեսզի այն համապատասխան լինի նոր չափորոշիչներին: Պատասխանատուները  հավատացնում են՝ մշակելու են որակյալ կրթություն ապահովելու մոդելներ:

«Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է։ Եվ որևէ բան մեզ չի շեղի ուժեղ պետություն և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենականության հայեցակարգը հենց այսօրվանից կոչելու համար։ Հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն: Սա իգիտություն»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր չափորոշիչներին։