Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T017283
A A
Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին:  

 

Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:

 

Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ:  

 

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Սևան քաղաքը մայրուղուն կապող ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ վերջին անգամ այս ավտոճանապարհը վերանորոգվել էր  1960-ական թվականներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:



***

 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոց 164 հասցեում տեղակայված վարչական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 655 քառ. մետր:  Կենտրոնի համար հատկացված շինությունը գտնվում է Սևանի քաղաքային համայնքի կենտրոնական մասում, շրջակայքում կան բնակելի շենքեր և հասարակական կառույցներ: Ճանապարհը դեպի կենտրոն ասֆալտապատ է: Շինաշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 67 մլն դրամ: