Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Կառավարությունը փորձում է մեզ լռեցնել, որպեսզի ակնհայտ չդառնա նրանց անգործությունը Ամուլսարի հարցում»

Ակտիվիստ  Աննա Նիկողոսյանը մեկն է այն քաղաքացիներից, որը շաբաթվա սկզբին  ի պաշտպանություն Ամուլսարի գործագործ էր պատրաստվում խաղալ ԱԺ այգում, բայց չստացվեց։

«Այգու ազատագրումը քաղաքացիական դիմադրության խորհրդանիշ էր, և այն փակ տեսնելը իշխանափոխությանը նախորդող ժամանակահատվածի հետ ասոցիացիաներ առաջացրեց։ Ես կանխազգում էի, որ այգու դռները գուցե փակ լինեն, բայց, իհարկե, վստահ չէի կարող լինել»,-ասում  է նա։   Աննային ոչ միայն այգի մտնել թույլ չէին տվել, այլեւ բերման էին ենթարկել, ինչը եւս նրա համար անսպասելի չէր  մի քանի օր առաջ հեծանվորդներին բերման ենթարկելուց հետո։

 «Որքան աբսուրդ է հեծանվաերթի մասնակիցներին վարչական ձերբակալման ենթարկելը, այնքան էլ աբսուրդային է գործնագործ խաղացող երիտասարդներին ժամանակավոր ազատությունից զրկելն ու տուգանման փորձ կատարելը», - նշում  է  ակտիվիստը։

Ասում է, որ ընտրել էին պայքարի այդ միջոցը, այսինքն՝ սպորտային իրադարձության կազմակերպումը, քանի որ այն միանգամայն օրինական է արտակարգ դրության օրերին. «Մենք ոչ մի հակաիրվական գործողություն չենք կատարել. խաղացել ենք գործնագործ, որի ընթացքում ես վանկարկել եմ ուղերձներ, որոնք ցանկանում էի հնչեցնել խաղալիս»:

Ակտիվիստը պատրաստվում է դիմել դատարան.«Մենք այս մասին կխոսենք արդեն վարչական դատարանում և կհանրայնացնենք գործընթացը, որովհետև մեզ հետ կատարվածը համարում ենք ապօրինություն»:

Քաղաքացիական տարբեր  ակցիաների մասնակիցն ասում է՝ իրենք շարունակելու են աջակցել  ջերմուկցիներին, ովքեր ուզում են, որ  Ամուլսարը սար մնա։ Եւ արդեն պայքարը միայն Ամուլսարի  տարածքում չի լինելու,  այլեւ հանրապետության  տարբեր մարզերում։

 «Շարժման առաջնագծում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչներն են, և ապակենտրոն բոլոր գործողությունները միտված են նրանց պայքարը ուժեղացնելուն, համերաշխություն և զորակցություն հայտնելուն»,- ասում է  Աննան;

117820922_591314888203715_7671672100987260612_n.png (671 KB)

Ակտիվիստներից Արտակի համար ոստիկանության գործողությունը անսպասելի չի եղել՝ հաշվի էր առնելով, որ    Ամուլսարի հարցում  կառավարությունը լուռ է։

«Մտածում էի, որ ԱԺ-ի դռները կարող են փակ լինել, 500 հոգանոց ոստիկանների շարք լինի, բայց մենք վստահ էինք, որ մենք խաղ ենք ընդամենը խաղում, ու դա ոչ մի ձևով արգելված չի», - պարզաբանում է Արտակը:  

Խաղը,  նշում է, որպես այդպիսին, ուշադրություն գրավելու միջոց է եղել. «Այդ նույնը կարող էր լինել ինչ-որ բակում, ուղղակի այն տեղափոխեցինք ԱԺ-ի դիմաց՝ ցույց տալու համար, որ կան իրենց բողոքն ու պահանջը ներկայացնող քաղաքացիներ»:

Նրան արդեն երկրորդ անգամ էին բերման ենթարկում. առաջին անգամ նրան բաժանմունք էին տարել օգոստոսի 6-ին՝ հանրայնորեն պահանջ-հայտարարությամբ ելույթ ունենալու փորձի համար:

Տարբեր ակցիաների ժամանակ մտածված նույն գործողություններով բերման ենթարկելը նրան ստիպում է մտածել, որ ոստիկանները կազմակերպված գործողություններ են իրականացնում՝ Ամուլսարի պահապաններին լռեցնելու համար: 

«Շատ կարևոր հանգամանք է այն, որ եթե սա լիներ նախորդ իշխանությունների օրոք, մեզ կդիտարկեին որպես պահանջատեր քաղաքացիներ, բայց հիմա, երբ մեր շնորհիվ իշխանության եկած կառավարությանը պահանջ ենք ներկայացնում, նրանք փորձում են մեզ լռեցնել, որպեսզի ակնհայտ չդառնա նրանց անգործությունը Ամուլսարի հարցում, և ժողովրդի մեջ տարածված լավ համբավը չվերանա: Ինձ համար նրանց լռությունը, կոպիտ ասած, հանցակցություն է», - նշում է Արտակը: 

Ըստ նրա՝ ակցիաները շունակական են  լինելու.  «Պարտադիր չէ բնապահպան լինել հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանքի շահագործումը: Կարելի է թեթև ուսումնասիրություն անել, հասկանալ, որ Ամուլսարը պետք է սար մնա: Տեղեկատվությունը հասանելի է բոլորին, հայկական բնապահպանական ճակատի կայքում ամեն ինչ մանրամասն գրված է»: 

Հիշեցնենք, որ  նրանց   պահանջը մեկն է՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։