Բացել լրահոսը Փակել լրահոսը
117661488_2962310713996203_9081422304473753284_n
A A
Պաշտոնական

Փաստագրված վիշապաքարերից 5-ի դիրքն արդեն ուղղվել է

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ 100 վիշապաքար: Դրանցից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր /փորնիվայր դրվել է ցեմենտի մեջ:

Հիշյալ օբյեկտներից մեկը գտնվում է Երևանում, չորսը՝ Արագածոտնի մարզում․
Դաշտադեմ գյուղի գերեզմանոցում (օգտագործված է որպես գերեզմանաքար, 295x124x43 սմ, բերված է Արագածի բարձունքներից՝ Կաթնաղբյուրի լեռնային արոտավայրից),
Դավթաշեն գյուղի այգում (օգտագործված է որպես հուշաքար, 340x128x70 սմ, բերված է Արագածի բարձունքներից՝ Կաթնաղբյուրի ամառանոցից),
Անտառուտ գյուղից վեր, Տիեզերական ճառագայթների հետազոտության Նոր Անբերդ կայանում (264x116x44 սմ, բերված է Արագածի բարձունքներից՝ Քարակապվայրից),
Արագածի Քարե լճի մոտ, Ա. Ալիխանյանի անվան տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում (340x110x70 սմ, բերված է Արագածի բարձունքներից, Քարակապ վայրից), Երևանի Օղակաձև այգում (360x60x90 սմ, բերվել է Գեղամա լեռների Աժդահայուրտ վայրից):
Նշված վիշապաքարերից 4-ի դիրքն արդեն ուղղվել է։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին Երևանի օղակաձև զբոսայգում (Մոսկովյան փողոցի հատված) տեղի կունենա իրականցված աշխատանքների ամփոփում և կներկայացվի այգում ուղղահայաց տեղադրված վիշապաքարը։ Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆորնիայի «Արարատ Էսքիճյան թանգարանի» հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վերահսկողությամբ և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Ծրագրին աջակցել է նաև «Նուշիկյան ասոցիացիան»։ Գիտական վերահսկողությունն ու ղեկավարումն իրականացնում է ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը։

ԿԳՄՍ նախարարություն