Ինչ հասկացավ Հասմիկ Կարապետյանը կորոնավիրուսի ժամանակ
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսը ջախջախում է նյարդերս. երգչուհի Հասմիկ Կարապետյանը այլ բառեր չի գտնում նկարագրելու վերջին ամիսների իրավիճակը։
«Հոգեպես ճնշված եմ, այս ժամանակաշրջանը շատ սթրեսային է, որովհետև ես հանրային մարդ եմ ու շատ շփվող, այդ պատճառով էլ եռակի դժվար է այս ամենն ինձ համար»,- «Ա1+»-ին ասում է Հասմիկ Կարապետյանը, որի երկրորդ երեխան ծնվել է ապրիլին։ Կարանտինի ընթացքում ասում է, որ խոսափում է փակ տարածքներում գտնվելուց, հյուր չի գնում ու ընկերներն էլ իրեն չեն այցելում։
Երգչուհին ծրագրում էր՝ այս ամառը կլինի ընտանեկան ճամփորդություններով լի, աղջիկը մանկապարտեզ կհաճախի, ինքն էլ ավելի ակտիվ կլինի երգարվեստում, բայց կորոնավիրուսը փոխեց ամեն ինչ։
«Ես ավելի հանգիստ կլինեի ու ժամանակս ավելի շատ փոքրիկիս ու ամուսնուս կտրամադրեի։ Տաթևը շատ ուշադրություն է պահանջում։ Ես շատ ցավում եմ 2-3 տարեկան երեխաների համար, ովքեր զարգացում չեն ապրում այս վիրուսի պատճառով։ Այս երեխաները 1-2 տարի հետ ընկան»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է նա։
Ասում է, որ այդ իրեն շատ է անհանգստացնում. «Առաջին բանը, որ կանեմ վիրուսից հետո, երեխայիս հարցը կլուծեմ։ Նախակրթարան ու տարբեր խմբակների կտանեմ, որպեսզի ավելի հանգիստ լինեմ»։
Երգչուհին խոստովանում է՝ այս վիճակում շատ դժվար է ստեղծագործել, բայց երգիչ ԴերՀովայի հետ արդեն գրեթե պատրաստի զուգերգ ունեն, որի տեսահոլովակը սեպտեմբերին կնկարահանեն։
Այս ընթացքում Հասմիկը սկսել է ավելի գնահատել ժամանակն ու հասկացել, թե ինչ ուներ առաջ, ինչ հնարավորություններ կար և ինչը չկա հիմա. «Հասկացա ՝ ովքեր են իսկապես ընկերներս, ովքեր ոչ։ Հասկացա ովքեր չակերտավոր էին և ովքեր իսկապես եղել են ու կան։ Սովորեցի համբերատար լինել»։