Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1572593926935
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Բելառուսի հետխորհրդային սերունդն այլևս զզվել է Լուկաշենկոյի կառավարումից․ Ռուբեն Մեհրաբյան

Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների,  Մինսկում տեղի ունեցող բախումների, պահպանվող լարվածության  և դրանց հնարավոր հետևանքների մասին «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

- Պարո՛ն Մեհրաբյան, իրավիճակը Բելառուսում շարունակում է լարված մնալ։ Վերջին տվյալներով՝ նաև զոհի մասին է խոսվում։ Ձեր գնահատմամբ՝ լարվածությունը մինչև ո՞ւր կարող է հասնել։

-Մինսկում այն, ինչ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների ընթացքում և քվեարկությունից հետո, ուղղակի համաժողովրդական ցասման դրսևորում էր՝ ուղղված Լուկաշենկոյի  և նրա 26-ամյա կառավարման դեմ։ Բելառուսի գլխավոր շարժիչ ուժը այս պահին հետխորհրդային սերունդն է, որը Սովետ չի տեսել, Սովետով չի փչացել, և այլևս զզվել է Լուկաշենկոյի կառավարումից, Սովետից մնացած հնոտիներից և կոլխոզային բարքերից, մինչդեռ Եվրոպայի մեջտեղում գտնվող Բելառուսում այս ամենը չէր կարող անվերջ տևել, և հիմա քարերը հավաքելու ժամանակն է։

Անկախ նրանից՝ ինչպես կավարտվի այս դիմակայությունը, անկախ նրանից՝ ով կլինի Բելառուսի ղեկավարը, այս ամենի արդյունքում այդ ղեկավարը, նույնիսկ եթե դա լինի Լուկաշենկոն, լինելու է միանգամայն այլ Բելառուսի ղեկավար։

-Այսինքն՝ Դուք համարո՞ւմ եք, որ ցանկացած սցենարի պարագայում Բելառուսի՝ փողոց դուրս եկած ժողովուրդը հաջողություն կունենա։

-Ես ուղղակի վստահ եմ, որ արդեն ունի այն իմաստով, որ սա այլևս այն ժողովուրդը չէ, որը եղել է մինչև օգոստոսի 9-ը։

Գիշերային ձեռնամարտից հետո այժմ և՛ ոստիկաններն են  հանգստանում, և՛ ցուցարարները, բայց ես կարծում եմ, որ սա դեռ ամեն ինչի սկիզբն է, դեռ հետագա զարգացումներ էլ կլինեն։ Այս պահի դրությամբ բացի Լեհաստանի և Լիտվիայի նախագահների համատեղ հայտարարությունից՝ մենք նաև չունենք  միջազգային հանրության արձագանք։ 

Արևմտյան մայրաքաղաքներում նոր են արթնանում, մինչդեռ ես կարծում եմ, որ սա ճակատագրական պահ է ոչ միայն Բելառուսի, այլ նաև Եվրոպայի համար։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Բելառուսի ղեկավարությունը գնա ցույցերը շատ ավելի կոշտ մեթոդներով ցրելու ճանապարհով, և լինեն արյունալի հետևանքներ։

-Ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է նաև, որ եթե գնա այդ սցենարով, մենք գործ ունենանք ռուսական ներխուժման հետ, բայց դրանք ինքնասպան քայլեր են, որոնք կարող են բերել բազում դժբախտություններ, ողբերգություններ, բայց դրանք ի զորու չեն մեծ հաշվով հետ շրջել պատմության անիվը։