Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բեյրութում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ տուժել է առնվազն 728 մարդ

Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով` Բեյրութում կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 728-ը, տեղեկացնում է News.ru-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ զոհվել է ոստիկանության աշխատակիցը:

Բեյրութի կենտրոնում ՝ Աշ Շահադի հրապարակում, հավաքվել էին տասնյակ հազարավոր լիբանանցիներ, որոնք մեղադրում էին իշխանություններին անփութության մեջ, որը պայթյունի պատճառ է դարձել Բեյրութի նավահանգստում:

Հավաքվածները վանկարկում էին նաև «Հեզբոլլահ», ահաբեկիչներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են Լիբանանի էկոնոմիկայի, Էներգետիկայի, Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարության շենքերը, որոնք ավելի ուշ զինվորականների կողմից ետ են վերցվել։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել: Լիբանանի կառավարության տվյալներով պայթել է շուրջ 2750 տոննա ամոնիակային սելիտրա (ամոնիումի նիտրատ), որոնք նավահանգստում պահվել են Rhosus նավի վրա՝ բռնագրավումից հետո վեց տարվա ընթացքում:

 

Նախնական քննության տվյալներով ՝ պայթյունը ոչ պատշաճ պայմաններում ամոնիակային սելիտրայի երկարատեւ պահպանման հետեւանք էր, պայթյունի անմիջական պատճառը հարեւանությամբ պահվող հրավառությունների բռնկումն էր, որոնք բռնկվել էին անգարի մետաղական դռան զոդման կայծերից:

Սկսվել է հետաքննություն, ձերբակալվել են կասկածյալները։ Բայց ակնհայտ է, որ տեղի ունեցածի համար մեղավոր են բազմաթիվ մարդիկ, ինչպես վտանգավոր բեռի վերաբերյալ որոշումներ կայացնողները, այնպես էլ տվյալ հարցի վերաբերյալ որեւէ որոշում չընդունողները, թեեւ դրա համար լիազորություններ են ունեցել ։

Հետաքննության այս փուլում Լիբանանի իշխանությունները մերժում են որեւէ մեկի չարամիտ գործողությունների վարկածը: Նույնիսկ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ Իսրայելը չի կարող մասնակցել պայթյունին։

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, վիրավորները 6 000-ից ավելի են։ 

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները: