Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թավադյան
A A
Քաղաքականություն

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ գույքն ու միջոցներն ազատվեցին կալանքից՝ բացառությամբ 1,5 միլիոն դրամի․ Առավոտ

Երեւանի ընդհանուր իրավասության դատանում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով հերթական դատական նիստն էր, որի ընթացքում նրա պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց վերացնել Թավադյանին պատկանող անշարժ/շարժական գույքի, դրամական միջոցների վրա նախաքննական մարմնի դրած կալանքը:

Մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ եւ հիշեցրեց՝ հավանական է, որ դատական ծախսեր առաջանան, ավելին՝ հաշվի առնելով Թավադյանին վերագրվող արարքի ծանրությունը՝ հիմքեր կան կասկածելու, որ նա գույքը կարող է թաքցնել կամ օտարել:

Հիշեցնենք՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նշված գործից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ.-ի ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը բավարարել մասնակի եւ Թավադյանին պատկանող շարժական/անշարժ գույքը, ֆինանսական միջոցներն ազատել կալանքից՝ պահպանելով միայն 1 միլիոն 512 000 դրամի չափով ֆինանսական միջոցի վրա նախաքննական մարմնի կողմից դրված կալանքը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին՝ 16:00-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am