Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հենց հիմա էլ մեզ կարող են հավաքել, տանել՝ ասելով՝ Ամուլսարից եք խոսում․ ՔՈ անդամ (տեսանյութ)

«Ոստիկանները մեր ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակում էին»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանը, ում երեկ ոստիկանները բերման էին ենթարկել Հանրապետության հրապարակից կուսակցական գործընկերոջ՝ Գարեգին Միսկարյանի հետ։

Նա պնդում է՝ Հանրապետության հրապարակում էին լրիվ այլ՝ գործնական հանդիպման նպատակով, որևէ պահանջ այդ պահին չեն ունեցել,  մինչդեռ ոստիկանները իրենց բերման են ենթարկել պատճառաբանությամբ, թե գտնվում են հավաքի վայրում․

«Ոստիկանության գործողությունները մեզ համար անակնկալ էին, որովհետև հավաք չի եղել և չէր կարող լինել»։

ՔՈ անդամը համոզված է՝ կա որոշակի միտում Ամուլսարի թեման ճնշելու․

«Սրանից առաջ արտակարգ դրության պայմաններում եղել է որոշ կուսակցությունների հանրահավաքներ, նույն Ամուլսարի հանքի աշխատակիցների հանրահավաքն է եղել, բազմաթիվ հավաքներ են եղել, որոնք որ չեն խոչընդոտվել, ինձ մոտ հարց է առաջանում ՝ ինչո՞ւ է խոչընդոտվել դեռևս չսկսված հավաքը։ Այս համատեքստում ես կարող եմ ասել՝ կա որոշակի միտում»։

Ըստ Ներսիսյանի՝ սա խոսում է այն մասին, որ արտակարգ դրությունը այս դեպքում որպես պատճառ է օգտագործվում․

«Հենց հիմա էլ մեզ կարող են հավաքել, տանել՝ ասելով՝ Ամուլսարից եք խոսում»։

Եթե այս պահին Կառավարությունը քայլեր չձեռնարկի պահանորդական խմբի հարցերը լուծելու, օրենքի դաշտ բերելու, ապա բավականին թանկ կվճարի,-համոզված է բանախոսը․

«Զինված խումբ է մտել Ջերմուկի հարակից տարածք, որը իր գործողություններով սպառնացել է, որ ուժ կկիրառի անգամ հրազենային միջոցներով, եթե բախում լինի, ապա բավականին թանկ կվճարի Կառավարող ուժը»։

Ներսիսյանը պնդում է՝ այս պահին հեղափոխական խոստումները, հեղափոխական օրակարգը կյանքի չի կոչվում․

«Հեղափոխություն չենք արել, որ նույն էվոլյուցիան ճանապարհով շարժվենք, հեղափոխություն արել ենք, որպեսզի ժողովրդին ամբողջապես և հիմնական վերադառնա իշխանությունը, մինչդեռ կառավարող ուժը շատ է դանդաղում և արժեքների բացակայության պայմաններում շատ անկանխատեսելի քաղաքականություն է վարում»։