Արա Ղարագյոզյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին՝ իրեն բերման ենթարկելու համար
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե ուրիշ պաստառով կանգնած լինեի, ինձ ոչ մեկ ձեռք չէր տա»,- ասում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը, որին բերման են ենթարկել երեկ, երբ Ամուլսարի հանքի չվերածելու պահանջով Կառավարության դիմաց կանգնած էր պաստառով։
«Նոյան Տապանում» նա հայտնեց, որ հնարավոր չէ լռեցնել Ամուլսարի համար պայքարողներին, բացի այդ սա ընդդեմ իշխանության չէ, այլ ուզում են օգնել. «Եթե մեր իշխանության վրա կա որևէ ճնշում, մենք պատրաստ ենք թև ու թիկունք լինելու, բայց ոչ այս արհամարհական վիճակում»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Ըստ նրա՝ Ամուլսարը լինելու է ամենադժվար հարցերից մեկը, և լուծումը պետք է լինի ի շահ ՀՀ-ի անվտանգության։
Բերման ենթարկվողներից է նաեւ նույն կազմակերպության անդամ Արա Ղարագյոզյանը։ Նրա խոսքով՝ երեկ տեղի ունեցածը հետ քայլ էր ժողովրդական արժեքներից և պարզաբանում է, որ որևէ ժողովրդավարական երկրում իրավապաշտպանը կամ փաստաբանը չեն կարող հետապնդվել։
Նա շնորհակալություն է հայտնում ոստիկաններին իրենց բերման ենթարկելու համար. «Մենք մոնիտորինգի ենթարկեցինք ոստիկանական համակարգն ու տեսանք, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել։ Ոստիկաններն օրենք չգիտեն»,- ասում է փաստաբանը։
Իրավապաշտանները պատրաստվում են դիմել վարչական դատարան՝ իրենց ազատությունից զրկելու եւ բերման ենթարկելու համար։