Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

81 հոգի 7 օր է՝ գիշերում է Բագրատաշենի անցակետում՝ բաց երկնքի տակ (տեսանյութ)

Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի քանի տասնյակ անձինք հուլիսի 30-ից գիշերում են Բագրատաշենի անցակետում՝ բաց երկնքի տակ։ 

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց քաղաքացիների հետ անցակետում գտնվող Արթուր Այնազյանը։ Անցակետում այս պահին 81 քաղաքացի կա, այդ թվում՝ տարեցներ և հղի կանայք։ Յոթ օր անցակետում գիշերող քաղաքացիները Ռուսաստան վերադառնալու համար դիմել են պատկան գրեթե բոլոր մարմիններին, մինչ այս պահը արձագանք չեն ստացել

«Դիմել ենք անցակետի պետին, ով մեզ խոստացավ, որ վերադասներին տեղյակ կպահի, դիմել ենք նաև Արտգործնախարարությանը, Տավուշի մարզպետին, Էդմոն Մարուքյանին, 81 մարդու անուն-ազգանունները, անձնագրի պատճեններն ուղարկել ենք դեսպանատուն, սակայն դեռ արձագանք չկա, այսօր նորից խնդրանք-նամակ ենք ուղարկել դեսպանատուն, կրկին որևէ արձագանք չկա»։

Քաղաքացին հիշեցրեց, որ ՀՀ-ում  Ռուսաստանի դեսպանատան մոտ դեռ հուլիսի 24-ին անցակացրած բողոքի ակցիայի ընթացքում էին ասել՝ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, կտեղափոխվեն անցակետ

«Մարդիկ եկել են այստեղ 2-3 ամսով,  բայց հիմա ոչ տուն վարձելու հնարավորություն ունեն, ոչ էլ ապրելու։ Արդեն յոթ օր անմխիթար վիճակում ենք, բաց երկնքի տակ, ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ մեր շորերն ենք լվանում, լվացվում ենք, մի քիչ այն կողմ գտնվող լճում էլ լողանում ենք»։

Արթուրը նշեց՝ արդեն սննդի խնդիր ունեն։ 

Ասաց, որ 5 ամիս է՝ գրանցվել են չարթերային թռիչքով մեկնելու համար, սակայն իրենց հերթը չի հասնում, բայց այստեղ ապրելու տարբերակ չունեն։