«Դա շատ անբարո կլինի, որ ինքն այդ ճանապարհով դառնա տնօրեն». ուսուցիչներն ակցիա են անում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք թույլ չենք տալու, որ նոր ընտրված տնօրենը դպրոց մտնի։ Դա շատ անբարո կլինի, որ ինքն այդ ճանապարհով դառնա տնօրեն»,- ասում է Նորամարգ գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Գալստյանը։
Արարատի մարզի Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով արդարություն։ Նրանք դեմ են, որ դպրոցը ղեկավարի մարզպետ Գարիկ Սարգսյանի նշանակած տնօրենը։
«Կոռուպցիոն ռիսկ կա, ինչը մեր նոր իրականության մեջ գոնե պետքա չլինի»,- շեշտում է Հերմինե Գալստյանը։
Ուսուցիչները կարծում են, որ տնօրենի ընտրությունները 2 անգամ միտումնավոր կերպով տապալվել են,որպեսզի նշանակվի մարզպետի թեկնածուն։
Ըստ հայեցակարգի, եթե երկու անգամ քվորում չի ապահովվում, արդեն տնօրենը նշանակվում է մարզպետի կողմից։
Դպրոցի նախկին տնօրեն, տնօրենի թեկնածու Ծովինար Գալստյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ։
«Իրավական ճանապարհով անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարությունը վերականգնվի, իսկ ծնողներն ու աշակերտները, ուսուցչական համայնքն ավելի մարտական են տրամադրված, պատրաստվում են դասադուլի ու գործադուլի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ծովինար Գալստյանը,որը եւս կառավարության շենքի մոտ էր։
Նրա խոսքով՝ մարզպետի հետ ընդհարում երբեք չի եղել և ինքն էլ չգիտի լարվածության պատճառը։
Մարզպետարանի լրատվական բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ ցույցի մասին տեղյակ են և այս պահին ավել մեկնաբանություն, քան իրենց էջում գրված է, իրենք չունեն.«Հետագա զարգացումների մասին եթե լինի նորություն, էջում անպայման կտեղադրվի»։
Մրցույթն օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հետաձգվել էր՝ խորհրդի նիստի իրավազորությունը չապահովվելու համար, քանի որ նիստին չեն մասնակցել խորհրդի 3 անդամ՝ մեկական անդամ՝ նշանակված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմնի և մարզպետարանի կողմից:
Արարատի մարզպետարանից հայտնում են՝ իրենց ներկայացուցիչներից մեկի չներկայանալը մրցույթի կայանալուն խոչընդոտ չի չի եղել, քանի որ խորհուրդը բաղկացած է 8 անդամներից.
«Արարատի մարզպետի կողմից նշանակված երկու անդամներից միայն մեկն է բացակայել»,- նշվում է մարզպետարանի պաշտոնական էջում տված պարզաբանման մեջ։