Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Բոբ Մարլիի ընտանիքը թողարկում է «Մեկ սեր» սինգլի վերաձայնագրված տարբերակը՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի (տեսանյութ)

Մարլի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Սթեֆըն, Սեդելլա և Սքիփ Մարլիները (Stephen, Cedella, and Skip Marley), թողարկել են երջանկահիշատակ Բոբ Մարլիի խորհրդանշական օրհներգի՝ «Մեկ սիրո»-նոր տարբերակը՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության և  կոչի՝ նորովի պատկերացնել ավելի արդար ու հավասար աշխարհ երեխաների համար, ում կյանքը տակնուվրա է եղել կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Այդ մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 
Երգի ու տեսահոլովակի թողարկումն իրականացվել է Բոբ Մարլիի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Տեսահոլովակում նկարահանվել են արվեստագետներ Բրազիլիայից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Հնդկաստանից, Ճամայկայից, Մալիից, Նոր Զելանդիայից, Նիգերիայից, Սուդանից, Սիրիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Նրանց թվին են պատկանում՝ Stephen Marley-ն, Cedella Marley-ն, Skip Marley-ն, Ghetto Youths Foundation-ը, Kim Nain-ը, Manifesto JA-ն, Teeks-ը, 249 Too Dope-ը, Amrit Kaur-ը, Mermans Mosengo-ն, Jason Tamba-ն, Natty-ն, Dawtas of Aya-ն, Raja Kumari-ն, Patoranking-ը, Babsy-ն, Damascus Voice-ը։
 
«Մեկ սերը» որպես համամարդկային համերաշխության կոչ է գրվել մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը պառակտված էր, ճիշտ այնպես՝ ինչպես հիմա։ Միայն մեկ ընդհանուր սիրո շուրջ համախմվելով՝ մենք կարող ենք պարտության մատնել այս վիրուսին, պաշտպանել մեր երեխաներին և աշխարհը դարձնել ավելի արդար ու հավասար երեխաների համար»,- նշել է Սեդելլա Մարլին։ «Կարևոր չէ՝ որտեղ են նրանք ապրում՝ փախստականների ճամբարներում, թե գենտախորշերում, հասանելի են նրանց առողջապահությունն ու կրթությունը, թե՝ ոչ, անարդար վերաբերմունքի են արժանանում ռասայի, կրոնի, էթնիկ պատկանելության կամ սեռի պատճառով, թե՝ ոչ, այս երգը արտացոլում է մեր երազանքը՝ նորովի պատկերացնելու մի աշխարհ, որտեղ բոլոր երեխաները արժանանում են հավասար վերաբերմունքի։ Այդպես էր ցանկանում նաև հայրս»։
 
Հավատարիմ լինելով համամարդկային միասնությանը, ինչպես ասվում է երգում, տեսահոլովակի կադրերը հավաքագրվել են աշխարհի տարբեր ծայրերից։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև այնպիսի հանրաճանաչ անձինք, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակից Կարինա Կապուր Խանը (Kareena Kapoor Khan) և բրիտանացի դերասանուհի Լենա Հիդին (Lena Headey)։
 
Կորոնավիրուսը տակնուվրա է արել երեխաների կյանքը ողջ աշխարհում և անհավասարություն սերմանել ինչպես պետությունների ներսում, այնպես էլ՝ պետությունների միջև: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում ամեն օր կանխարգելվող հիվանդություններից մանկական մահերի թիվը կարող է ավելանալ 6 000-ով, որոնցից գրեթե բոլորը (ավելի քան 90 տոկոսը) ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում, քանի որ համավարակը շարունակում է թուլացնել առողջապահական համակարգերը և խափանել մատուցվող ծառայությունները: Երեխաները նաև չափազանց խոցելի են կորոնավիրուսի անուղղակի ազդեցությունների նկատմամբ, ինչպիսիք են դպրոցների փակումը, սննդի պակասը, առողջապահական հիմնական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը և բժշկական պարագաների մատակարարումների շղթայի խափանումները:
 
Ի պատասխան, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է «Մեկ սեր» արշավը՝ կոչ անելով բոլոր գործընկերներին, դոնորներին և մասնավոր հատվածի ընկերություններին միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերին՝ արձագանքելու համավարակով պայմանավորված իրավիճակին և վերականգնման աշխատանքներին։
 
Արշավին միացել է ՏԻԿ ՏՈԿ հարթակը՝ իր հատուկ #ՄեկՍիրովՄեկՍրտով մարտահրավերով՝ խրախուսելով օգտատերերին վիդեո տեղադրել օգտագործելով երգի կրկներգը և ցույց տալ, թե ով կամ ինչն է իրենց հարազատ։ Օրինակ՝ տեղադրել իրենց մեկ սերը և նշադրել հինգ ընկերների, որպեսզի իրենք էլ նույնն անեն և հանգանակեն հօգուտ «Մեկ սիրո» և հանուն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային գործընկեր, զարդեր արտադրող աշխարհահռչակ Պանդորան (PANDORA) ստեղծել է հատուկ ինստագրամյան #OneLoveOneHeart ֆիլտր, որի յուրաքանչյուր գործածման արդյունքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին հանգանակվելու է 1 ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ Պանդորան 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է հանձն առել հանգանակել հօգուտ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Մեկ սեր» արշավի։