Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուբեն հայրապետյան
A A
Քաղաքականություն

ՌԴ իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու պաշտոնական պատճառաբանությունը ես այս պահին չունեմ, բայց տրամաբանական է, որ, եթե անձի գտնվելու վայրը պարզ է, պետք չէ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել»,- ասաց Մակինյանը:

Ռուբեն Հայրապետյանը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով և շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: