Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչ անել, որ կողմնակի անձինք Վեդիի աղբավայր չմտնեն

Ամեն օր ծուխ է բարձրանում Վեդիի աղբավայրից։ Բնակիչները ենթադրում են՝ այս կերպ  ոչնչացվում է աղբը։

Վեդի քաղաքում աղբահանությամբ զբաղվող «Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Հարությունյանը վստահեցնում է՝ աղբը իրենք չեն այրում։ Ըստ նրա՝ այս տարի երկու անգամ է հրդեհ բռնկվել,  իսկ ծուխն անընդհատ է, քանի որ հանգցնելու աշխատանքներն են երկար  տեւում․ «Իրականում տարածքը մեծ է ու օրեր են պետք դրանք հանգցնելու համար, դրա համար էլ բնակչության մոտ այն կարծիքն է, որ մենք վառում ենք աղբը»։

Յուրա Հարությունյանն ասում է՝ այս տարի երկու անգամ աղբավայրում հրդեհ է բռնկվել․  «Առաջին անգամ կրակը բռնկվել է աղբի հետ եկած կրակի կտորներից։ Վերահսկելը մի փոքր դժվար է։ Երկրորդը բոլորովին անհայտ պայմաններում է եղել, իմ անձնական կարծիքով՝ այստեղ մարդկային գործոն է եղել»։

Վեդու աղբավայրը չունի հսկիչ, իսկ տարածքը մասամբ է ցանկապատված, եղած ցանկապատներն էլ, ըստ «Ա1+»-ի զրուցակցի,  հրդեհների հետևանքով վնասվել են։

Վեդիի աղբավայրը բնակելի տարածքից ընդամենը   5 կմ հեռավորությամբ է։  Շաբաթվա ընթացքում 5 օր՝ օրական մոտ 15 տոննա աղբ է թափվում այնտեղ, որի կեսը դառնում է մոխիր:   Չնայած աղբի այրումը կրճատում է աղբի 60-70 տոկոսը, սակայն դա առկա խնդրի նպատակահարմար լուծում չէ։

Խնդիրն իսկապես առկա է և անհանգստացնում է ոչ միայն բնակիչներին, այլև բոլորին,- ասում է  Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը։

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք սպասում ենք գործարանի շահագործկմանը, որը սարերի հետևում չի։ Գործարանի աշխատանքը հնարավորություն կտա աղբի տեսակավորման արդյունքում  խտացնել և վերացնել աղբի նմանատիպ կուտակումներն ու այրումները»,- ասում է նա։

Վեդիում աղբի տեսակավորման գործարանի աշխատանքների  իրականացումը սկսվել է 2013-ից․ ՄԱԿ-ի կողմից տրամադրվել է 45.000 դոլարին համարժեք դրամ․ աշխատանքները շարունակվում են։

«Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Հարությունյանը վստահ է, որ գործարանը կշահագործվի աշնանը։

Այս պահին նա  առաջնային խնդիրը համարում է  այն , որ աղբավայր կողմնակի մեքենաներ չմտնեն, եւ կանխարգելիչ միջոցառումներ են անում «Ուղեփակոցն արդեն տեղադրված է, շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ ենք նաև կատարում, որովհետև գերեզմանների հարակից տարածքն է դա, կարծում եմ  մինչև օգոստոսի կես արդեն կվերջացնենք մաքրման աշխատանքները»,- ասում է Յուրա Հարությունյանը։

Ըստ նրա՝ ներկայիս աղբավայրի տեղում նախատեսվում է այգի տնկել։