Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (1)
A A
Սպորտ

«Արարատը» ձեռք է բերել «Շիրակի» ևս երկու ֆուտբոլիստների

Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, այսօր ակումբի հետ պայմանագիր են կնքել գյումրեցիների դարպասապահ Վսևոլոդ Երմակովի և կիսապաշտպան Էդգար Մալաքյանի հետ:

Այն, որ «Արարատն» իր կազմը հիմնականում համալրում է «Շիրակի» խաղացողներով, կանխատեսելի է, քանի որ թիմը ներկայումս գլխավորում է Գյումրին ներկայացնող ակումբի երկարատև գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Իսկ թե որքան կտևի այդ համագործակցությունը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, «Շիրակը» Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ արդեն կորցրել է հիմնական կազմի խաղացողներից մի քանիսին, ինչը, բնականաբար, կազդի թիմի մարտունակության վրա: Մինչ այդ «Շիրակից» «Արարատ» էին տեղափոխվել Կարեն Մուրադյանը և Դավիթ Մանոյանը:

Ավաղ, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ակումբները գնալով ֆինանսական մեծ խնդիրներ են ունենում, այդ իսկ պատճառով ստիպված հրաժարվում են բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից: Օրինակ, Հռոմի «Ռոման» հնարավոր է կորցնի իր առաջատար հարձակվող Էդին Ջեկոյին, որովհետև նոր մրցաշրջանից ի վիճակի չէ վճարել բոսնիացի ֆուտբոլիստի աշխատավարձը, որը տարեկան կազմում է 7,5 մլն եվրո: