Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քիմիական կենտրոնի տարածքում բնակելի շենք կառուցելը աբսուրդ է․Ա․Հարությունյան (տեսանյութ)

«Դեմ եմ գիտության շենքերի օտարմանը»։ Այս խորագրով ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները նախաձեռնել են ստորագրահավաք։

Կենտրոնի գիտաշխատող Արփինե Հարությունյանը «Ա1+»-ին պատմում է՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է երեք ինստիտուտների միավորումից։ Ժամանակի ընթացքում կենտրոնի տարբեր հատվածներ օտարվել են, այսօր, նրա խոսքով, շատ ավելի լուրջ խնդրի առաջ են․

«Այս պահին մեր առաջ ծառացած խնդիր է ջրավազանի տարածքի օտարումը»։

Կենտրոնի հարակից հատվածում գտնվող ջրավազանի տարածքն արդեն օտարված է, տեղում նախատեսվում է բազմաբնակարան շենք կառուցել։  Աշխատակիցների շրջանում սա մի շարք մտահոգությունների տեղիք է տվել։

Կենտրոնի տնօրեն Արթուր Հարությունյանը պնդում է՝ ջրավազանը շեշտակի էկոլոգիական նշանակութուն ունի, ստեղծում է միկրոկլիմա, ինչպես նաև քիմիական նյութերի արտանետումների համար ստեղծում է կոնվեկցիա․

«Քիմիական կենտրոնում կառուցել բնակելի շենք, աբսուրդ է»։

Կենտրոնի կրտսեր գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ ջրավազանի տարածքը ժամանակին օտարվել է ապօրինի․

«Տարածքը այս պահին ունի օրենքի տեսանկյունից բարեխղիճ գնորդ, իսկ այդ բարեխիճ գնորդին իր պլաններն իրականացնելու համար պետք են նաև հարակից կանաչապատ տարածքները»։

Հակոբյանը պնդում է՝ եթե տարածքում սկսվի շինարարություն, սա վտանգելու է կենտրոնի ապագան։

Աշխատակիցների դիտարկմամբ՝ վտանգվում է նաև իրենց սարքավորումների ճակատագիրը, որոնք, ինչպես իրենք են պնդում, բավականին թանկ արժեն։

«Մենք ունենք այնպիսի թանկարժեք գործիքներ, որոնց կողքով  վախենալով ենք անցնում, իսկ այդ շինարարությունը ինչի կհանգեցնի՝ չեմ կարող ասել»,-նշում է կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ հետագայում, եթե ցանկանան կառուցել նոր մասնաշենքեր, օժանդակ լաբորատորիաներ, չեն կարողանալու։

Կենտրոնի ներկայացուցիչնեը պնդեցին՝ իրենց աջակցում է նաև գիտական համայնքը, քանի որ վստահ են՝ գիտական շենքերի օտարումները կարող են նախադեպային դառնալ։