Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 27.07.
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները մրցել են աշխարհի չեմպիոնի հետ. Կառլսենը հրաժարվել է պարգևից (տեսանյութ)

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հաղթանակով է ավարտվել lichess հարթակով անցկացված կայծակնային շախմատի Titled Arena July'20 առցանց մրցաշարը:

Նորվեգացի գրոսմայստերը 71 պարտիայում տարել է 51 հաղթանակ և վաստակել 161 միավոր (մրցակարգով հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր): Երկրորդ տեղը գրավել է Ֆինլանդիայի շախմատի սիրահարների ակումբը, որը միասնական ջանքերով վաստակել է 130 միավոր:

Մրցաշարին մասնակցած Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես է եկել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 121 միավորով զբաղեցրել է պատվավոր 6-րդ տեղը: Ի դեպ, մեր շախմատիստը մրցել է աշխարհի չեմպիոնի հետ և հաղթանակ տարել:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 23-րդ տեղը՝ վաստակելով 106 միավոր, Մանուէլ Պետրոսյան՝ 48-րդ (94), Սամվել Տեր-Սահակյանը՝ 49-րդ (94), Հրանտ Մելքումյանը՝ 116-րդ (79):

Հավելենք, որ Մագնուս Կառլսենը հրաժարվել է իրեն հասանելիք 750 դոլար պարգևավճարից և այն փոխանցել է հաջորդ մրցաշարի մրցանակային հիմնադրամին: