Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+england
A A
Սպորտ

Ժոզե Մոուրինյոյի «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղաց և մտավ Եվրոպայի լիգա (տեսանյութ)

Անգլիայում ավարտվեց ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնությունը:

Այս տարվա չեմպիոն «Լիվերպուլը» վերջին խաղում կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ՝ 3:1, և միավորների քանակը հասցրեց 99-ի: Նախորդ առաջնության հաղթող «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում չնայած 5:0 հաշվով ջախջախեց «Նորվիչին» և խփած գոլերի քանակը հասցրեց 102-ի, սակայն 18 միավորով ետ մնաց առաջատարից:

Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը եզրափակիչ խաղում հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց իրեն անմիջապես հետապնդող «Լեսթերին» և վերջինիս զրկեց ոչ միայն մեդալներից, այլև չեմպիոնների լիգայի ուղեգրից:

Վերջին տուրում բավական լարված պայքար էր ծավալվել նաև 6-րդ տեղի համար, որն Եվրոպայի լիգային մասնակցելու ուղեգիր էր տալիս: Այդ մրցամարտում ի վերջո հաղթող դուրս եկավ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Քրիստալ Փելասի» հետ և վաստակած միավորներով հավասարվեց այդ հորիզոնականում գտնվող «Վուլվերհեմփթոնին»: Լրացուցիչ ցուցանիշներով 6-րդ տեղը բաժին հասավ լոնդոնցիներին:

Երևանի «Փյունիկի» նախկին մրցակից «Վուլհերհեմփթոնը» դեռ հնարավորություն ունի մտնելու չեմպիոնների լիգա: Դրա համար հարկավոր է հաղթել Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարում, որը կվերսկսի օգոստոսին, Գերմանիայում:

Անգլիայում մնացել է անցկացնել միայն գավաթի խաղարկության եզրափակիչը: Միմյանց հետ կհանդիպեն Լոնդոնի երկու ակումբներ՝ «Արսենալն» ու «Չելսին»: Խաղը տեղի կունենա օգաստոսի 1-ին, «Ուեմբլի» մարզադաշտում: