Փոքր բիզնեսի մեծ առավելությունը.խոստո՞ւմ, թե՞ իրականություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ իշխանությունները միկրոբիզնեսն ամբողջությամբ չազատեցին հարկերից
Ի՞նչ հարկեր է վճարում միկրոբիզնեսը
2020թ․հունվարից տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսն ազատվեց հարկերից։ «Մենք ամբողջ հանրապետությունում ասում ենք, ժողովուրդ ջան, հարկ չենք հավաքում մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսից, ասում ենք, ապրեք աշխատեք»,- անցած տարեվերջին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բայց պետությանը նրանք որոշ գումար, այնուամենայնիվ, վճարում են՝ ներկրելու դեպքում մաքսատուրքն ու բնապահպանական վճարները պահպանվել են։ Յուրաքանչյուր աշխատողի համար վճարում են 5000 դրամ սոցիալական վճար, եթե շահույթ ունեն, ապա նաև դրա 5 տոկոսը։
Հայաստանում հարկման այդ ռեժիմում աշխատում են մոտ 39 հազար փոքր կազմակերպություններ կամ անհատներ, որոնք հիմնականում ծառայություն են մատուցում կամ ունեն փոքր արտադրություն։ Դա թեև մեր ակտիվ հարկ վճարողների թվի մոտ 40 տոկոսն է, բայց նրանց վճարած հարկերի չափը ընդհանուր հարկային եկամուտներում շատ ցածր է։
Միկրոբիզնեսի հարկման կամ հարկ չվճարելու ռեժիմում կարող են աշխատել մինչև 24 մլն շրջանառություն ունեցող վարսավիրանոցները, կոշիկ վերանորոգողները, հագուստ կարողները, բանալիներ ու փայտյա իրեր պատրաստողները, մեքենա նորոգողները, դարբնոցային գործունեություն ծավալողները, եւ այլ փոքր ընկերություններ։ Հարկային այս արտոնությունը, պարզվեց, կորոնավիրուսի համավարակի առաջին ամիսներին փրկություն էր միկրոբիզնեսի համար։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, սակայն, գտնեւմ է, որ այդ ռեժիմում կան բացթողումներ։ «Այնուամենայնիվ այս ռեժիմի դեպքում չափից շատ սահմանափակումներ ենք դնում` խոչընդոտում ենք, որ տնտեսվարողն այլ գործունեությամբ զբաղվի` խանութի տերը եթե կողքից այլ սպասարկման ծառայություն դնի, չի կարողանա օգտվել այդ ռեժիմից` անկախ այն հանգամանքից, շրջանառությունը 24 մլն է, թե ոչ»,- ասում է նա։
Եթե նույն հագուստի նորոգման կետը որևէ ապրանք` թել ու ասեղ, կտոր, կամ պատրաստի շոր վաճառի, կոշիկի վերանորոգման կետը կոշիկի ներկ և կապիչ, վարսավիրանոցը մազի ներկ վաճառի կամ արտադրողն իր արտադրած ապրանքը ինքը վաճառի, ապա միանգամից կզրկվի արտոնությունից:
Միկրոձեռնարկատիրության ռեժիմում կարող են աշխատել նաև մարզային այն խանութները, որոնք չեն գտնվում առևտրային կենտրոնների տարածքում և առանձին են գործում։ Բայց հարկ չեն կարող աշխատել Երևանում գտնվող առևտրային կետերը, խանութներն ու տոնավաճառների փոքր տաղավարները: Միկրոձեռնարկատիրական սուբյեկտ չեն համարվում նաև իրավաբանական, ֆինանսական, բժշկական, թարգմանչական, նոտարական, տրանսպորտային և այլ ծառայությունները։
Պետեկամուտների կոմիտեն ընդգծում է. յուրաքանչյուր արտոնություն իր գինն ունի` անգամ այդ խիստ սահմանափակումներով միկրոձեռնարկատիրությանը տված զիջումը պետական բյուջեի վրա արժեցել է մոտ 12,5 մլրդ դրամ կամ 25 մլն դոլար: Եթե տարածվեր բոլոր այն ընկերությունների վրա, որոնք ունեն մինչ 24 մլն դրամի շրջանառություն, ապա բյուջեի կորուստը բազմապատիկ կլներ:
Կառաջանային նաև այլ ռսկեր: «Եթե մենք առհասարակ սահմանեինք, որ մինչև 24 մլն ազատելու ենք հարկերից անկախ գործունեության տեսակից, ապա առաջանալու էր նա, որ մենք կունենային հոսք նոր բիզնես գրանցելու, որտեղ մինչև 24 մլնը ազատված էին լինելու հարկից, պլյուս դրան եկամտահարկ մասով էինք կորուստ ունենալու»,- ասում է ՊԵԿ մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչ Մուրադյանը:
Մինչդեռ ոլորտի փորձագետները գտնում են, թե հարկային արտոնությունը փոքր բիզնեսը զարգացնելու միակ և գուցե ամենաարդյունավետ տարբերակը չէ: Հայաստանում բիզնեսն ընդհանրապես, ու հատկապես միկրոբիզնեսը լավ մասնագետների կարիք ունի, և պետությունը ճիշտ կանի, եթե իր ներդրումներով նախ այդ հարցում աջակցի: Միաժամանակ հեշտացնի պետական կառույցների հետ շփումը, ենթակառուցվածքները զարգացնի, իրացման շուկայի հարցը լուծի և պետական գնումներին մասնակցելու հնարավորություն ստեղծի: Այսքանից հետո բիզնեսը զարգանալու համար հարկային արտոնության խիստ անհրաժեշտություն չի ունենա: