Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահման
A A
Քաղաքականություն

Քերի Քավանոն, Ռոբերտ Բրադտկեն և Ջեյմս Ուորլիքը խորապես մտահոգված են (տեսանյութ)

Ամերիկայի Ձայնը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկիկ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Քերի Քավանոյի և Ջեյմս Ուորլիքի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի զարգացումներով: Ամերիկացի դիվանագետներ Քերի Քավանոն, Ռոբերտ Բրադտկեն և Ջեյմս Ուորլիքը չեն բացառել, որ այս բախումները կարող են դուրս գալ վերահսկողությունից՝ վերածվելովլայնածավալ պատերազմի:

՛՛Կարծում եմ զինված բախումները սկսել են փոքր միջադեպից: Չեմ կարծում, որ որևիցէ մեկը շահագրգրված է ռազմական ընդհարում սկսել: Երկրները շատ խնդիրներ ունեն, ներառյալ COVID-19 համավարակը, որը խնդիր է տարածաշրջանում՛՛,- ասում է դեսպան Քերի Քավանոն:

Նախկին համանախագահները չափազանց մտահոգիչ են որակել ընդհարման ծավալն ու կողմերի կիրառած հռետորաբանությունը: Անհանգստացնող է նաև, որ զինված բախումներն արձանագրվել են ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս՝ ՀՀ ու Ադրբեջանի սահմանին:

՛՛Սա ցույց է տալիս, որ հակամարտությունը պարզապես չի սահմանափակվում միայն ղարաբաղյան գոտիով, այլ ընդգրկում է երկու երկրների այլ հատվածներ ևս, որը շատ անհանգստացնող է՛՛,- ասում է դեսպան Ջեյմս Ուորլիկը:

Ըստ նախկին համանախագահների՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը և հիասթափությունը նպաստել են զինված բախումների վերսկսմանը: Ըստ Ռոբերտ Բրադտկեի, մեկ այլ պատճառներից է կողմերի մտավախությունը, որ միջազգային հանրությունը մոռացության է մատնել ղարաբաղյան խնդիրը, հատկապես համավարակի այս օրերին:

՛՛Հակամարտության նկատմամբ ուշադրությունը վերականգնելու պատրանքը առաջացնում է նման բացասական քայլերի դիմելու ցանկություն ՛՛,- նշում է դեսպան Բրադտկեն:

Զինված բախումները վնասում են բանակցային գործընթացին: Քերի Քավանոն վստահեցնում է ՝դժվար է բանակցել փոխզիջումների շուրջ, երբ կան գոհեր զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում:

՛՛Դա զգալիորեն խոչընդոտում է կողմերին խաղաղ բանակցային գործնթաց վերսկսել’’,- ասում է Քավանոն:

Նախկին միջնորդները համակարծիք են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը գործուն ձևաչափ է: Արձագանքելով ձեւաչափի ու համանախագահների հասցեին քննադատությանը՝ դեսպան Ուորլիքը շեշտում է, որխնդիրը ձևաչափը չէ:

՛՛Խնդիրն այն է, որ այս հակամարտությունը դադարեցնելու համար պետք է կողմերի քաղաքական կամք: Մինչ այժմ մենք դա չենք տեսնում: Մտահոգիչ է, որ մերձեցման փոխարեն, երկու երկրներում տրամադրություններն էլ ավելի են կոշտանում ‘’,- ասել է Ուորլիքը:

Այսօր ստեղծված իրավիճակը պահանջում է բանակցային գործընթացի աշխուժացում: Դեսպան Բրադտկեն վստահ է՝ անհրաժեշտ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն հայտարարությունների տեսքով միջնորդների տարածաշրջան այցելության հետ մեկտեղ: Դա կնպաստի կողմերի՝ խաղաղ կարգավորմանը վերադառնալու պատրաստակամությանը:

Նախկին միջնորդները փաստում են, որ Մինսկի խմբի համանախագահողներ ՌԴ-ը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մշտապես սերտորեն համագործակցել են այս հարթակում անկախ իրենց միջև եղած տարաձայնություններից: Այսօր էլ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները ծայրաստիճան լարված են՝ նախկին միջնորդները միևնույն է վստահ են, որ Մինսկի խմբի ձևաչափը գործուն է:

Իր հերթին օրերս ՛՛Վաշինգտոն Փոստ՛՛ պարբերականում հրապարակված հայտնի լրագրող-վերլուծաբան Դեյվիդ Իգնեշիուսի անդրադարձը Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության կարգավորմանը ևս ընդգծում է Մինսկի Խմբի ձևաչափի կարևորությունն ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններում: Իգնեշիուսը այն որակել է հազվադեպ մի հնարավորություն միասին աշխատելու խաղաղ համաձայնության շուրջ: Սա այն միակ դիվանագիտական հարթակներից է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս ակտիվ համագործացում են: Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ստանալ նման բարձրաստիճան միջնորդություն, եզրակացնում է Իգնեշիուսը: