Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն արձագանքել է Փաշինյանի շեշտադրումներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը․

Սիրելի՛ հայրենակիցներ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում որոշ շեշտադրումներ կատարեց վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Կարևոր ու ողջունելի շեշտադրումներ էին, որոնցից կառանձնացնեի հատկապես Արցախի Հանրապետության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությունը և՛ հակամարտության կարգավորման գործընթացում, և՛ ընդհանրապես, ինչպես նաև ուժի կիրառման փորձերի ու սպառնալիքների դատապարտումն ու կանխարգելման մեխանիզմների ներդնումը:

Անվիճելի փաստ է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեկ միասնական հայրենիքի անբաժանելի մասերն են, և մեկընդմիշտ կանգնած են թև-թիկունքի արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում: Մենք պարտավոր ենք անընդհատ բարձրացնել մեր համագործակցության ու ջանքերի ներդաշնակեցման մակարդակը բոլոր հնարավոր ոլորտներում, որտեղ հայ ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովումը իր առաջնահերթ տեղն ունի: Այդ համատեքստում ադրբեջանական վերջին ագրեսիան, պետական ահաբեկչության սպառնալիքները և այդ երկրում դրսևորված հայատյացության ու պատերազմական հռետորաբանության լայնածավալ դեպքերը լրացուցիչ անգամ վերահաստատում են, որ մենք պարզապես այլընտրանք չունենք՝ պարտավոր ենք առավելագույն արդյունավետությամբ մշտապես բարելավել Հայրենիքի պաշտպանունակության աստիճանը: Միայն այդ միջոցով մեզ կհաջողվի ցրել թուրք-ադրբեջանական երազները հայ ժողովրդին կրկին ցեղասպանելու և հայրենազրկելու շուրջ՝ ստիպելով կառուցողական կերպով մտնել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի անայլընտրանք հունը:

Այդ գործում մեր գլխավոր խնդիրն է աշխատել ոչ միայն Հայրենիքի ռազմական պաշտպանունակության բարելավման, այլև ռազմավարական դիմադրողականության հետևողական բարձրացման ուղղությամբ բոլոր բնագավառներում՝ սոցիալ-տնտեսականից ու միջազգային հարաբերություններից մինչև պետական կառավարում ու կրթական համակարգ: Արցախի Հանրապետության իշխանությունները վճռական են այդ հարցում՝ պատրաստակամ լինելով այդ նպատակներին հասնելու համար առավելագույնս սերտորեն համագործակցել Մայր Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի բոլոր ուժերի, ինչպես նաև այլ պետությունների ու ժողովուրդների առողջ ու կարող բոլոր շրջանակների հետ:

Իսկ ադրբեջանական հասարակությանը խորհուրդ կտայի թոթափել հայերի հանդեպ ատելության կույր մթնոլորտը և մտածել սեփական անվտանգության ու բարեկեցության համար ալիևյան կլանի ավելի լուրջ սպառնալիքների մասին, այլապես ատելությունն ու ալիևյան հարստահարումները վաղ թե ուշ իրենց անդառնալի հետևանքներն են թողնելու հենց ադրբեջանական հասարակության վրա...