Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե մեր խնդրին լուծում չտրվի, գնալու ենք Բագրատաշենի անցակետ․ ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց էին հավաքվել ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացիներ։

 Նրանք պահանջում էին, որպեսզի իրենց տրանսպորտային միջոցներ տրամադրվեն՝ Ռուսաստան մեկնելու համար:

 Ակցիայի մասնակիցների խոսքով՝ արդեն մի քանի ամիս է Հայաստանում  են և  չեն կարող վերադառնալ Ռուսաստան, մինչդեռ, իրենց ընտանիքի անդամները, հարազատներն այնտեղ են։

Մի շարք քաղաքացիների ստրագրություններով նամակ փորձեցին հանձնել Ռուսաստանի դեսպանատուն, բայց նրանց որևէ մեկն ընդառաջ չեկավ, անվտագության աշխատակիցներն ասացին՝ դեսպանատունը չի աշխատում։

Նրանք նամակը համալրեցին ևս մի քանի ստորագրություններով և գցեցին դեսպանատան դիմաց դրված նամակների արկղի մեջ՝ պնդելով, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, իրենք հուլիսի 30-ին գնալու են Բագրատաշենի անցակետ:

Դեսպանատանն ուղղված նամակում քաղաքացիները տեղեկացրել էին իրենց այս մտադրության, ինչպես նաև այստեղ ապրուստի միջոց չունենալու մասին․

«Ի՞նչ տարբերություն, թե որտեղ քնել՝ դեսպանատան դռան տակ, թե անցակետի կողքին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ պատրաստ են ամիսներով գիշերել Բագրատաշենի անցակետում։

Ակցիա իրականացնող մեկ այլ քաղաքացի նշեց, որ Հայաստան է եկել փետրվարին, սահմանները փակելուց հետո չի կարողանում վերադառնալ Ռուսաստան, բայց այստեղ արդեն ապրուստի միջոց չունի գոյատևելու․

«Տուն ենք վարձել, բայց արդեն գումար չկա վճարելու համար: Հաշվեք՝  մնացել ենք փողոցում, ապրուստի միջոց չկա»: 

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ լրացել է իր անձնագրի ժամկետը, բայց որևէ մեկից չի կարողանում ուղղություն ստանալ՝ ինչ անել և ինչպես վարվել։

Իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ դեսպանությունն ինքնամեկուսացել է, իսկ ՌԴ քաղաքացիներին անուշադրության է մատնել: Նրա պնդմամբ՝ մարդիկ գրանցվում են տոմս գնելու համար, սակայն պատասխան են ստանում, որ տեղեր այլևս չկան:

Իրավապաշտպանը դիմեց ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին։