Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲՀԿ պատգամավորներ
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ն անակնկալի է եկել Բագրատյանի որոշումից

Ինչպես հայտնի դարձավ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս խմբակցությունից։

Պատճառը պարզելու համար Բագրատյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, զրուցեցինք ԲՀԿ-ական նրա գործընկերների հետ, ովքեր պնդեցին, որ պատճառների մասին ենթադրություններ անել չեն  կարող։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Բագրատյանի որոշումը իրենց համար անակնկալ էր, պատճառների մասին որևէ բան չգիտի, գործընկերոջ հետ չի զրուցել, հորդորեց խմբակցությունից դուրս գալու պատճառը ճշտելու համար դիմել հենց Բագրատյանին․

«Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի կոնֆլիկտ, զրույցներ չի եղել, այս հարցը ընդհանրապես չի քննարկվել։ Ես համոզված եմ, որ մեր խմբակցության մեջ էլ որևէ մեկը պատճառների մասին տեղյակ չէ, որովհետև մեզ մոտ   բավականին սերտ մթնոլորտ  է, մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք։ Ամենաճիշտը կլինի պարոն Բագրատյանին հարցնելը»։

«Ա1+»-ը կապ հաստատեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։ Տոնոյանն ասաց՝ Բագրատյանի որոշումը մեկնաբանել չի կարող․

«Չեմ պատկերացնում՝ ինչ շարժառիթներ են ընկած պարոն Բագրատյանի այդ որոշման հիմքում, ես տեղեկություն չունեմ նման որևէ զարգացման մասով»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ից հայտնել են, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: