Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակը ստեղծվել է երկու դատավորի պատճառով. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

ՍԴ նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները կապահովվեն, ինչպես նաև Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքում անհամապատասխանությունը կվերացվի, որը հնարավոր չէր կատարել Սահմանադրական փոփոխությունների հետ միաժամանակ։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատութան նախարար Ռուստամ Բադասյանը ՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, ինչը ավելի վաղ չէր ստորագրել Հանրապետության նախագահը։

Ինչ վերաբերում է ՍԴ-ում ստեղծված իրավիճակին և այն հանգամանքին, որ քվորումներ չլինելու պատճառով նիստեր չեն կայանում, Բադասյանն ասաց․

«Սահմանադրական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ, նրանց արձակուրդ չգնալու դեպքում հնարավոր էր ապահովել քվորում, հետևաբար՝ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում չի ստեղծվել այս իրավիճակը, այլ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով է ստեղծվել»։

Բադասյանն ընդգծեց՝ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու սահմանադրական մարմիններին տրված երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ նրանք շուտով կառաջադրեն թեկնածուներ։

Ինչ վերաբերում է թեկնածուների վերաբերյալ շրջանառվող անուններին, Բադասյանն ասաց՝ քննարկումների փուլում է, առաջիկայում կլինեն նորություններ։

Լրագրողի դիտարկմանը, թե շրջանառվում են Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները, Բադասյանը մեկնաբանություն չհնչեցրեց, ասաց՝ կան սկզբունքներ, թեկնածուներն ընտրվելու են այդ սկզբունքով։

Ինչ վերաբերում է երկու դատավորներին կալանավորելու որոշմանը և «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք սա վեթինգի կոնտեքստում տեղավորվում է, Բադասյանն ասաց․

«Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, կապ չունի վեթինգի գործընթացի հետ, թեև մեկը մյուսին չի բացառում, օրինակ՝ վեթինգի որոշ գործիքակազմ կիրառելու դեպքում կարող է հայտնաբերվել հանցագործության մասին վկայող հատկանիշ, և դա կարող է դառնալ քրեական հետապնդման հիմք»։