Սեւանը կանաչել է, մակարդակը՝ նվազել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեւանա լճի մակարդակը հուլիսի 21-ի դրությամբ նախորդ տարվա նույն օրվա համեմատ իջել է 3սմ-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի խոսքով՝ նախատեսված 6 մետրի բարձրացումը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար, որպեսզի լիճը վերադառնա իր բնական վիճակին։
Սևանա լիճը կրկին «կանաչել է»։ Շահնազարյանն ասում ՝ պատճառը ջրում սնուցիչ նյութերի ավելցուկն է, որը բերում է կապտականաչավուն ջրիմուռների ակտիվացման։
Այս գործընթացը տևում է մի քանի շաբաթ, որից հետո աստիճանաբար նվազում է և վերանում։ Սևանի ծաղկման գլխավոր «մեղավորը» մնում է մարդկային գործոնը։ Ինչպես նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրենը՝ Սևանի բոլոր հիմնախնդիրները բխում են ընդհանրական պատճառներից.
«Լճի ծաղկումը նոր երևույթ չէ, սակայն 2018 թվականից սկսած ակտիվորեն այս պրոցեսները շարունակվում են։ Ակնհայտ է, որ էկոհավասարակշռման պրոցեսները իրենց ուղղությունները փոխել են։ Պատճառներն են ջրի մակարդակի նվազումը, չմաքրված կամ մասամբ մաքրված կեղտաջրերի առկայությունը լճում, ջրածածկ եղած տարածքները, որոնք արհեստականորեն ավելացնում են ջրում սնուցող նյութերը»։
Որքան էլ լճի ծաղկումը հանդիպող երևույթ է՝ այն բնական համարել չի կարելի։ Հատկանշական է, որ մեր երկրում դեռևս չկա որևէ հետազոտություն՝ ինչպես է այս երևույթն անդրադառնում կենդանական աշխարհի վրա։
Կառավարության կողմից լճի հիմնախնդիրների լուծումը ռազմավարական նշանակություն ունի, այն ներառված է «Շրջակա միջավայր» ծրագրի շրջանակներում, որի առաջնային նպատակը Սևանի էկոհամակարգի պահպանումն է։
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշում է այն գործընթացները, որոնք այսօր արդեն իրականացման փուլում են.
«Կառավարության հատուկ ծրագրում ընթանում է լճի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման գործընթացը։ Իրականացվում է 50 հեկտարի մաքրման աշխատանքներ։ Երկրորդ կարևոր խնդիրը ափամերձ շենք-շինությունների ապամոնտաժումն է։ Մասնավորների հետ համաձայնեցումներ կան, իսկ պետական կամ մասնավոր թվով 24 շինություններ արդեն ապամոնտաժվում են»։
Ոսկեհատ Գրիգորյանը նշում է՝ առաջնայինը կոյուղաջրերի և ընդերքօգտագործման թափոնների արտանետման կանխարգելումն է։ Այս մասով նախատեսվում է մաքրման կայանների կառուցումը.
«Առաջնային է երեք համայնքներում՝ Գավառ, Մարտունի, Սևան հիմնել կենսաբանական մաքրման կայաններ կեղտաջրերի համար։ Այս պահին գործում է 17 լոկալ մաքրման կայան»։
Մյուս խնդիրը մնում է ձկան պաշարների պահպանումը։ Անցած շաբաթ լիճ է բաց թողնվել 300 հազար իշխանի երկու ենթատեսակի մանրաձուկ։ Կառավարությունը նպատակ ունի ձկնորսության ամբողջ գործընթացը դարձնել օրինական.
«Այս տարի 200 տոննա սիգի արդյունաբերական նպատակով որսը կիրականացվի միայն օրիանական ճանապարհով։ Ապօրինի սիգ որսալու համար տուգանքը կազմում է կգ-ի համար 1000 դրամ, իսկ եթե իրականացվել է հատուկ պահպանաման գոտում տուգանքը հնգապատիկ է»,- նշում է Գրիգորյանը։
Բացի կառավարության ծրագրերից Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և հիմնախնդիրների լուծման համար Եվրոպական միության կողմից այս տարի տրամադրվել է 5 մլն եվրո, որը առաջնահերթ կօգտագործվի մաքրման կայանների կառուցման աշխատանքների համար։