Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Նման քայլով ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ թույլ չի տա, որ այդ ռազմական օգնությունն օգտագործվի Հայաստանի ու Արցախի դեմ․Արման Բաբաջանյան

Հարցերին պատասխանում է պատգամավոր Արման Բաբաջանյանը

- Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական «Կոմերսանտ» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Տավուշում ռազմական արկածախնդրության դիմելով՝ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերադարձրեց 2016թ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։ Համաձա՞յն եք արդյոք այդ գնահատականի հետ, և որո՞նք պետք է լինեն հայկական կողմի քայլերն այս իրավիճակում։

- Դա չափազանց կարևոր, սկզբունքային հայտարարություն էր պաշտոնական Երևանի կողմից, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ ուղերձներ։ Ամենակարևոր ուղերձն այն է, որ Հայաստանն, ըստ էության, որպես բանակցությունների շարունակության նախապայման առաջ է քաշում 2016թ․ իրողություններին վերադառնալու պայմանը։ 2016թ․ իրողություններ ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ այն քաղաքական միջավայրը, որը ձևավորվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Իսկ այդ միջավայրն իր մեջ առաջին հերթին ներառում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են սահմանագծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերն արձանագրող մոնիտորինգային մեխանիզմների ներդրում։ Ադրբեջանն ամեն ինչ արեց այդ պայմանավորվածություններից հրաժարվելու համար, քանի որ դրանց ներդրման դեպքում ստիպված էր լինելու ճանաչել շփման գծի ողջ երկայնքով գործող ստատուս-քվոն, ինչը բնականաբար չի բխում նրա շահերից։ Այս առումով պաշտոնական Երևանի այդ մոտեցումը շատ դրական է ու ողջունելի։

Եվ կարևոր է, որ ԱԳՆ մակարդակով այդ հայտարարությունը հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին արձանագրումից հետո․դրա մասին նա խոսեց շաբաթ օրը Զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Այսպիսով, պետք է արձանագրել, որ Հայաստանը ոչ ուղղակիորեն՝ որպես բանակցությունների վերսկսման նախապայման առաջ է քաշում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադարձը, ինչն ամբողջությամբ բխում է մեր շահերից։ Եվ տավուշյան գործողություններում մեր զինված ուժերի արձանագրած փառահեղ հաղթանակին համարժեք քաղաքական քայլ կլինի, եթե մենք դրա արդյունքում կարողանանք օրակարգ վերադարձնել Վիեննայի պայմանավորվածությունները։ Հույս ունեմ, որ մեր դիվանագիտությունն այսօր իր ուժերի ողջ ծավալով աշխատում է այդ ուղղությամբ։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ կապված տավուշյան իրադարձությունների հետ։ Որքանո՞վ էր այն համարժեք ստեղծված իրավիճակին, արդյոք այդ կառույցը կատարեց իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

- Առաջին տպավորությամբ ՀԱՊԿ-ն, իհարկե, իրեն դրսևորեց ոչ համարժեք և չկատարեց իր անդամ երկիր Հայաստանի նկատմամբ ունեցած պայմանագրային-կանոնադրական պարտավորությունները։ Այդ կառույցն անգամ հայտարարության մակարդակով հավասարության նշան դրեց կողմերի միջև՝ չդատապարտելով իր անդամ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած ագրեսիան։ Բայց սա նորություն չէ ՀԱՊԿ-ի վարքագծում, այդ կառույցը առաջին անգամ չէ, որ ցույց է տալիս իր անդեմությունն ու անզորությունը՝ ապացուցելով, որ պաշտպանում է ոչ միայն ու ոչ այնքան իր անդամների անվտանգությունը, որքան այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի շահերը։ Բայց չեմ ուզում բացառել, որ գուցե այս անգամ ՀԱՊԿ-ի նման վարքագծի հիմքում կարող են ընկած լինել նաև այլ՝ առաջին հայացքից ոչ տեսանելի դրդապատճառներ, որոնք վերաբերում են ավելի լայն՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական համատեքստի։ Բոլոր դեպքերում մենք ՀԱՊԿ-ի այս դիրքորոշումն ու գործելաոճը պետք է ընդունենք ի գիտություն և մեր հարաբերությունները կառուցենք նաև դրանց հաշվառմամբ։  

- Տավուշյան իրադարձություններին, առնվազն հայտարարությունների մակարդակով, ներքաշվեց նաև Թուրքիան՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Ադրբեջանին։ Արդյոք Թուրքիայի այդ դիրքորոշումն ուղղված էր միայն Հայաստանի՞ն, թե՞ այն շոշափում էր ավելի լայն՝ տարածաշրջանային համատեքստ։

- ՀԱՊԿ-ի վերաբերյալ ձեր հարցին պատասխանելիս ես նկատի ունեի նաև այդ հանգամանքը։ Պետք չէ բացառել, որ Տավուշում ռազմական սադրանքի դիմելու Ադրբեջանի հաշվարկների հիմքում ընկած է եղել նաև այն սցենարը, որ ՀԱՊԿ-ը կարող էր ներքաշվել այս բախմանը, ինչը հարաբերականորեն կլեգիտիմացներ Թուրքիայի ներգրավումը ռազմական գործողություններին։ Ու եթե իրերին նայում ենք այս տեսանկյունից, ՀԱՊԿ-ի չեզոք ու մեր կողմից ոչ համարժեք գնահատվող դիրքորոշումը ստանում է միանգամայն այլ նշանակություն։ Որովհետև, եթե Ադրբեջանի այդ հաշվարկներն արդարացվեին, և ՀԱՊԿ-ն ու Թուրքիան ներքաշվեին հակամարտության մեջ, դա կարող էր ունենալ սարսափելի, անկանխատեսելի հետևանքներ ինչպես ՀՀ, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Ինչ վերաբերում է այս իրադարձություններում Թուրքիայի վարքագծին, ապա վերջին մեկ շաբաթվա մեջ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ տվեցին մեծագույն հաղթաթուղթ՝ աշխարհին, միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ այս երկրները վտանգ են ներկայացնում ոչ միայն  Հայաստանի ու Արցախի, այլ նաև տարածաշրջանի ու, ըստ էության, մարդկության համար. Մեծամորի ատոմակայանը խոցելու ադրբեջանական սպառնալիքը դրա լավագույն վկայությունն էր։ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցուցաբերված այս անհաշվենկատ քաղաքականությունը մենք պետք է մեր դիվանագիտության  միջոցով վերածենք լրջագույն քաղաքական կապիտալի՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ մենք, մեր զինված ուժերը պաշտպանում ենք ոչ միայն հայկական պետությունների, այլ նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը։ Այսինքն՝ սա շանս է սպառնալիքը հնարավորության վերածելու ու մեզ համար ավելի բարենպաստ միջազգային մթնոլորտ ձևավորելու, ՀՀ դերն ու հեղինակությունը բարձրացնելու համար։

- Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որով խստացվելու է Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը։ Ինչպե՞ս եք գնահատում նման օրինագծի ընդունումը, և դրանով ի՞նչ ուղերձ է հղվում կողմերին։

- Նման քայլով ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ իրապես հանդես է գալիս որպես մեր տարածաշրջանում խաղաղության, ուժի չկիրառման երաշխավոր և իր հնարավորությունների սահմաններում զսպում է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն ու նկրտումները։ Սա շատ ավելի մեծ չափով քաղաքական ուղերձ է ԱՄՆ-ի կողմից, որովհետև խոսքը ոչ մեծ ծավալի՝ անցած տարի շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնության մասին է։ Ընդ որում, այս փոփոխություններից հետո Ադրբեջանը կարող է ընդհանրապես զրկվել ամերիկյան ռազմական օգնությունից։ Բայց նման քայլով ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ թույլ չի տա, որ այդ ռազմական օգնությունն օգտագործվի Հայաստանի ու Արցախի դեմ։ Գլոբալ համատեքստում սա վկայությունն է այն քաղաքականության, որը ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս արևմտյան համանախագահը՝ Ֆրանսիան, վարում են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Նկատի ունեմ այն, որ նրանք սկզբունքորեն զենք չեն վաճառում կողմերից որևէ մեկին։

Ցավոք, մենք նույն մոտեցումը, նույն սկզբունքի կիրառումը չենք տեսնում Ռուսաստանի կողմից, որը հատկապես վերջին մի քանի տարիներին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել Ադրբեջանին։ Իհարկե, ՌԴ-ն զենք վաճառում է նաև ՀՀ-ին, բայց մեր երկիրը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ անդամ է և ֆորմալ առումով ՌԴ ռազմավարական գործընկերը։ Այդ իմաստով Միացյալ Նահանգների մոտեցումը շատ ավելի հավասարակշռված է, և դա արտահայտվում է նաև օրենսդիրների կողմից նման նախագծերի ընդունմամբ, ինչը շատ դրական է ու ողջունելի։  

-ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ երկրների հետ աշխատանքի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղ գտած սխալներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն էր, ինչը ժամանակին եղել է Արևմուտքի թելադրանքը։ Նա ասել է նաև, որ ամբողջությամբ հասկանում է տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանցիների զգայական վերաբերմունքը։ Ըստ Կալաշնիկովի՝ հակամարտության կարգավորման միակ ճանապարհն այն է, որ  Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպեն և արմատական լուծում գտնեն այդ խնդրին։ «Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, օգտագործելով իրենց հեղինակությունը, կարող են լուծել այդ խնդիրը»,- ասել է Կալաշնիկովը։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները։  

- Կոնկրետ Լ․Կալաշնիկովը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, և այս որակի հայտարարությունները նորություն չեն նրա կողմից։ Կարելի է, իհարկե, Կալաշնիկովին քննադատել կամ անվանարկել նման հակահայկական հայտարարությունների համար, բայց դա կլինի միայն զգայական արձագանք։ Կարևոր է հասկանալ, որ Կալաշնիկովն արտահայտում է մոտեցում, որը կարող է տիրապետող լինել ռուսական ռազմաքաղաքական իսթեբլիշմենթի առնվազն որոշակի հատվածում, ինչը խիստ մտահոգիչ է մեզ համար։ Եվ մեր խնդիրը պետք է լինի նման մոտեցումները նվազագույնի հասցնելը։ Իսկ դա հնարավոր է միայն ռուսական կողմի հետ համակողմանի, համալիր աշխատանքի դեպքում, որը պետք է ներառի ոչ միայն պաշտոնական, այլ նաև խորհրդարանական դիվանագիտությունը, աշխատանքը փորձագիտական, լրագրողական հանրությունների, ընդհանուր առմամբ էլիտաների հետ։ Հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ նման տեսակետները ինչ-որ պահի կարող են գերակայող դառնալ ռուսական քաղաքական ղեկավարության շրջանում՝ դրանից բխող մեզ համար բացասական հետևանքներով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Կալաշնիկովի հայտարարությունը ամբողջությամբ տեղավորվում է ադրբեջանական մոտեցման տրամաբանության մեջ, Ադրբեջանն է մշտապես տորպեդահարում Մինսկի խումբը՝ փորձելով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ։ Այսինքն՝ դա ամբողջությամբ հակահայկական հայտարարություն է։ Կալաշնիկովի հայտարարության մյուս հատվածը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ խնդիրը լուծելու մասին, տեղավորվում է ռուսական այն քաղաքականության տրամաբանության մեջ, որով փորձ է արվում տարածաշրջանային հակամարտությունները մտցնել, պատկերավոր ասած, ռուսական մանդատի ներքո։ Դա վտանգավոր, չափազանց վտանգավոր մոտեցում է, որը որևէ պարագայում չի կարող բխել մեր շահերից։ Իսկ Պուտինի ու Ալիևի հեղինակության մասին Կալաշնիկովի հայտարարությունը, այն դեպքում, երբ նա չի հիշատակում Նիկոլ Փաշինյանին, ուղղակի ծիծաղելի է, քանի որ ի տարբերություն առաջին երկու ավտորիտար ղեկավարների՝ ՀՀ վարչապետն ունի հանրային աննախադեպ վստահություն ու լեգիտիմություն, ինչը նաև հակամարտությունների կարգավորման ժամանակ այդքան անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորման լրջագույն ռեսուրս է։

Ռուսական քաղաքական շրջանակներից նման հայտարարություններ հնչել են միշտ, հնչելու են նաև առաջիկայում, բայց մեր խնդիրը պետք է լինի Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ աշխատանքն այնպես տանել ու այնքան, որ որոշումների կայացման գործընթացում ազդեցություն ունեցող սուբյեկտները կրեն ոչ թե ադրբեջանամետ, այլ հայամետ դիրքորոշումներ։ Դրա համար անհրաժեշտ  է աշխատանք, ամենօրյա, անդուլ ու բազմակողմանի աշխատանք ՌԴ բոլոր շրջանակների հետ։ Հայ-ռուսական հարաբերությունները կենսական, անվտանգային նշանակություն ունեն Հայաստանի ու Արցախի համար, հետևաբար այդ հարաբերությունների նորմալացումն ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիր է, որի լուծմամբ պետք է զբաղվեն բոլորը՝ սկսած իշխանություններից, վերջացրած քաղաքական ուժերով, մտավորականներով, փորձագետներով ու լրագրողներով։ Հայ-ռուսական հարաբերությունների առողջացումը բխում է ինչպես մեր, այնպես էլ ՌԴ շահերից, քանի որ մեր երկրները միմյանց համար ունեն երկուստեք բացառիկ, ըստ էութան անփոխարինելի նշանակություն։ Եվ մեր խնդիրը պետք է լինի անել առավելագույնը, որպեսզի Կալաշնիկովի ու նրա նմանների տեսակետները լինեն ոչ թե տիրապետող, այլ մարգինալ ու լուսանցքային։