Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պուտինի նստավայրի մասին հայտարարությունը «ստեղծեց» Վեդիի  «ախտահանիչ միջանցք»-ը

Այսուհետ  Վեդու համայնքապետարան մուտք գործողը  ոտքից գլուխ ախտահանվելու է։

Համայնքապետարանում  «Արմաթ» ինժեներական լաբարատորիայի հետ համատեղ տեղադրվել է  «Ախտահանիչ միջանցք», որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։

Վեդու «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավար  Օրբել Խաչատրյանն  ասում է՝ գաղափարը ծնվել է  Մոսկվայում շքերթից հետո, երբ հայտարարվել է, որ ՌԴ նախագահ Պուտինի նստավայրի բոլոր միջանցքներում տեղադրված են ախտահանող սարքեր։

 «Միանգամից որոշեցի մեր քաղաքում ունենալ նման բան և դիմեցի համայնքապետին։ Վերջինս նույն պահին համաձայնեց ու ծրագիրը կյանքի կոչեցինք»,- ասաց Օրբել Խաչատրյանը։

Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը շատ կարևոր է համարում այս սարքի առկայությունը  համայնքապետարանում։ Հուսով է, որ այն արդյունավետ կաշխատի։

Սարքի ներսում ջրածնի պերօքսիդի հիմքի վրա ստեղծված նյութ է, որի մեջ կա քլոր, գլիցերին և կիտրոնի թեթև հոտ։

«Օգտագործել եմ նաև ուլտրամանուշակագույն ճառագայթ, որը ևս ախտահանիչ միջոց է, իհարկե թույլատրելի չափաբաժնով, որը մարդուն վնաս չի հասցնի։Այս ամենը քիմիկների և մասնագետների կողմից ընտրվել է այնպիսի չափաբաժնով, որ ոչ մի վնաս չի տալիս ոչ մարդու աչքին, ոչ մաշկին։ Չեմ կարող ասել, որ 100 տոկոս ախտահանում է, բայց սա ախտահանող միջոցների փունջ է, որը ըստ իս բավականին ստացված է»,-նշում է Օրբել Խաչատրյանը։

Սարքի առաջին փորձարկումը դիտելու համար Վեդի էր եկել ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանը։

««Արմաթը»թևակոխեց զարգացման մի նոր փուլ։ Մենք տեսնում ենք օրեցօր զարգացող սերունդ։ Շատ կարևոր է, որ այս առաջին փորձը լինի վարակիչ նմանատիպ սարքերի կառուցման հարցում»,- նշում է նա։

Ֆինանսական տեսակյունից ևս սարքը  բավականին մատչելի է ։ Վեդու համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Անդրանիկ Ավետիսյանի խոսքով՝  նման սարքերի գները տատանվում են 600 000 դրամի սահմաններում, բայց Օրբել Խաչատրյանն այն հավաքել է 240000 դրամով։