Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեդա սաֆարյան
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս է Ալումյանը նայում Մ. Հարությունյանին՝ որպես վկայի հարցաքննելու անհրաժեշտությանը, եթե անձը գործով մեղադրյալ է. Սեդա Սաֆարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցում է դատական նիստին։

Դատարանն այս պահին քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջորդություններն առ այն, որ դատարան հրավիրվեն մի շարք նախկին պաշտոնյաններ։

Մասնավորապես՝  պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Սամվել Մայրապետյանին, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

Միքայել Հարությունյանին, ով ստորագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող թիվ 0038 հրամանը։

Իր հերթին Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր որպես վկա հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 3001 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։

Պաշտպանության կողմի միջնորդությունների վերաբերյալ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նախ  ասաց, որ պաշտպաններն իրենց միջնորդությունների համար հիմնավորումներ չեն հնչեցրել, բացի այդ այս փուլում դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունը բավարարվել չի կարող, քանի որ դատարանը չի անցել բուն դատաքննության փուլին։

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս պնդեց, որ պաշտպանները չեն հիմնավորել՝ ինչ առնչություն ունեն միջնորդության մեջ ներկայացված անձինք այս գործին։

«Հետաքրքիր է՝ Հայկ Ալումյանը ինչպե՞ս է նայում Միքայել Հարությունյանին՝ որպես վկայի հարցաքննելու անհրաժեշտությանը, եթե անձը այս գործով հանդիսանում է  մեղադրյալ և գտնվում է հետախուզման մեջ, նույնը նաև վերաբերում է Գևորգ Կոստանյանին,Վահագն Հարությունյանին և մյուս հետախոզվողներին»։

Ինչ վերաբերում է Կարեն Մեժլումանի ներկայացրած միջնորդությանը, Սաֆարյանն ասում է՝ 300,1 հոդվածի ստեղծման կամ դրա փոփոխման վերաբերյալ քննարկումները չեն կարող վկաների ցուցմունքով հաստատվել կամ հերքվել, առավել ևս, որ այդ ամենը կապ չունի այն վերագրված գործողությունների հետ, որոնք սույն գործով պետք է դառնան քննության առարկա։

Մեժլումյանի միջնորդությունը Սաֆարյանը անհիմն որակեց, իսկ Ալումյանի միջնորդությունը՝ ժամանակավրեպ, ուստի ըստ նրա՝ ենթակա են մերժման։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը իր հերթին պնդեց, որ իր միջնորդության պատճառաբանությունները բավականին հիմնավորված են։ Ալումյանը հարցով դիմեց դատարանին․

«Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, գրված է, որ Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշում է գործադրվել, այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը առանց մանրամասնելու մեղադրական եզրակացության մեջ, թե Սահմանադրական դատարանի որ դատավորի նկատմամբ է ճնշում գործադրվել և ինչում է արտահայտվել այդ ճնշումը»։

Հետևաբար, ըստ Ալումյանի, կարելի է ենթադրել, որ մեղադրանքը կազմողը և ստորագրողը նկատի ունեն ՍԴ ցանկացած անդամի․

«ՍԴ անդամները դատակոչված չեն, մենք էլ միջնորդում ենք, ասում ենք՝ դատակոչենք»։