Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նանտ
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի Նանտ քաղաքի տաճարում հրդեհը, ըստ հետաքննության, հավանաբար եղել է դիտավորյալ հրկիզում

Ամերիկայի Ձայն

Ֆրանսիայում սկսվել է հետաքննություն, պարզելու համար, Նանտ քաղաքի գոթական տաճարում հրդեհի բռնկման պատճառները: Հետաքննության առաջին տվյալների համաձայն, այն կարող է լինել դիտավորյալ հրկիզում:

Կրակը բռնկվել է տաճարի երեք հատվածներից միաժամանակ: Հրդեհի արդյունքում կոտրվել են 15-րդ դարում կառուցված Սուրբ Պետրոս-Սուրբ Պողոսի եկեղեցու նախշապակիները:

Նանտի տաճարի հրդեհը տեղի ունեցավ Փարիզի Աստվածամոր տաճարի կործանիչ հրդեհից մեկ տարի անց: Սակայն ինչպես տեղի պաշտոնատար անձինք են ասում, Նանտի տաճարի հրդեհը հաջողվել է մարել կարճ ժամանակում: Վնասի մեծ մասը հասցվել է պատմական երգեհոնին, որը գրեթե լիովին այրվել է: Իսկ հարթակը, որի վրա կառուցված է երգեհոնը, ներկա պահին շատ անկայուն է ու երերուն: Այն հավանաբար շուտով փլուզվի:

‘’Մեր համընդհանուր աջակցությունը փոխանցենք հրշեջներին, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ դնելով, ամեն ինչ անում են գոթական մարգարիտը փրկելու համար’’, ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասել, կարեւորն այն է, որ տանիքը չի կրել վնաս, ի տարբերություն Փարիզի Աստվածամոր տաճարի, որի տանիքն անցյալ տարի մեծապես փլուզվեց: