Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tokio 18.07.
A A
Սպորտ

ՄՕԿ-ը հաստատել է 2020թ օլիմպիական խաղերի ընտրական փուլի ձևաչափը

Միջազգային օլիմպիական կոմիտեն ավարտել է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ընտրական փուլի նոր ձևաչափի աշխատանքները:

Ինչպես նշում է կոմիտեի պաշտոնական կայքը, խաղերի ընտրական փուլի նոր ժամանակացույցը համաձայնեցվել է մարզաձևերի միջազգային բոլոր ֆեդերացիաների հետ: Արդյունքում որոշվել է, որ ընտրական մրցաշարերն ամենաուշը պետք է ավարտվեն մինչև 2021 թվականի հունիսի 29-ը: Խաղերի մասնակից երկրները մարզիկների վերջնական հայտը պետք է ներկայացնեն մինչև 2021թ հուլիսի 5-ը:

ՄՕԿ-ը որոշակի փոփոխություններ է մտցրել մասնակիցների տարիքային հարցում: Օրինակ, օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումներին կարող են մասնակցել 1980 թվականի հունվարի 1-ից մինչև 2002թ դեկտեմբերի 31-ը ծնված մարզիկները: Ֆուտբոլի մրցաշարում կարող են հանդես գալ ոչ թե մինչև 23, այլ 24 տարեկան ֆուտբոլիստները:

Նշենք, որ մի շարք մրցաձևերում արդեն ավարտվել են օլիմպիական խաղերի ընտրական մրցումները: Դրանք են խճուղային և հրապարակային հեծանվասպորտը, խոտի հոկեյը, ձիասպորտը և սոֆտբոլը:

Նշենք, որ Հայաստանի 4 պատվիրակներ արդեն նվաճել են ամառային 32-րդ օլիմպիական խաղերի ուղեգրեր: Նրանք են 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և 77 ու 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը: