Մարդիկ հնարավորություն կունենան մասնակցել պատարագին բակից. քահանա
Աջակցիր «Ա1+»-ինԱյս կիրակի՝ հուլիս 19-ին, նշվում է հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը կամ Պայծառակերպության տոնը։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այն չի տոնվելու նախորդ տարիների պես։
Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը տեղեկացրեց, որ տոնական Ս․ Պատարագը տեղի կունենա դռնբաց, բայց.
«Մարդիկ հնարավորություն կունենան մասնակցել պատարագին դրսից՝ պահպանելով սահմանված հեռավորությունը։ Սարկավագներն ու դպիրները կհետևեն կարգուկանոնին, դիմակ չունեցող մարդկանց կտրամադրեն դիմակներ և ավարտին կհետևեն, որ մարդիկ հերթով մոտենան հաղորդություն ստանալու»։
Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների Վարդավառի ամենամյա տոնակատարությունն այս տարի տեղի չի ունենա։ Ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Վարդավառի հաջորդող երկուշաբթին էլ մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար կմատուցվի է Ս. Պատարագ և կկատարվի հոգեհանգստի կարգ:
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել եւ հորդորել զերծ մնալ հուլիսի 19-ին Վարդավառն «ավանդական կերպով տոնելու գայթակղությունից», խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով: