Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gazprom-Armenia
A A
Տնտեսություն

Վարձատրությունը կնվազի 20%-ով, 1000 հոգու կրճատումն էլ ուժի մեջ է․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Մոտ մեկ ամիս առաջ, երբ    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ բնակիչների համար գազի  սակագինը մնում է անփոփոխ,  «Գազպրոմ -Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանի հայտարարեց՝  այս որոշումից հետո ստիպված կլինեն կրճատումներ անել ընկերությունում։  Հիշեցնենք, որ ընկերությունն  առաջարկում էր վերանայել և  սահմանել բնական գազի  նոր սակագին բոլոր սպառողների համար, ինչը մերժվեց բնակիչների մասով։

«Ա1+»-ը մի քանի  գրավոր հարց է ուղղել  «Գազպրոմ -Արմենիա»-ին այս հարցով։

 

Արդյո՞ք «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցել են կրճատումներ կամ լինելու են՝ ՀԾԿՀ-ի վերջին որոշումից հետո։ Եթե այո՝ քանի հոգի է կորցնելու աշխատանքը և ի՞նչ հիմքով են կրճատվելու աշխատակիցները։

 

 Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով  Ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար:

 

  Հնարավոր կրճատումներից հետո արդյո՞ք մյուս հսկիչների աշխատավարձը կմնա նույնը։

 

ՀՀ ՀԾԿՀ 19.06.2020թ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից: 

  Որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ ս.թ. թվականի հուլիսի 19-ից առկա է լինելու փաստացի թվաքանակով  Ընկերության աշխատողների աշխատավարձի գումարային փաստացի չափի և սպառողներին վաճառվող բնական գազի սակագնով նախատեսված աշխատակազմի աշխատավարձի մասով ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել Ընկերության բոլոր աշխատողների աշխատանքի էական պայման հանդիսացող աշխատանքի վարձատրության չափը 20%-ով:

 

Պարգևավճարները կմնա՞ն։

 Պարգևավճարների հարցը կքննարկվի կրճատումների և աշխատավարձերի վերանայման գործընթացների ավարտից և Ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփումից հետո: