Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Հակառակորդի զինված ուժերի թե ցամաքային և թե օդային սադրանքներին ՀՀ զինված ուժերը պատրաստ են տալ համարժեք հակահարված» (տեսանյութ)

Երեկ կես գիշերից հետո հանգստությունը պահպանվում է, կրակոցներ  չկան: Այս մասին այսօր Իջևանի ճգնաժամային կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ ընդհանուր առմամբ ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական, ինչը Հովհաննիսյանի խոսքով արդյունավետության տեսանկյունից  բավականին բարձր ցուցանիշ է:

Նա փաստեց նաև, որ հակառակորդը 5-6 հայկական բնակավայրերի նկատմամբ կիրառել է 50-ից  ավելի հրետանային արկ: Հովհաննիսյանը ցույց տվեց արկի մեծ բեկոր:

«Ներկա պահին  Տավուշի սահմանաային գոտում պահպանվում է հրադադարի ռեժիմը: Անկախ այս հանգամանքից, հայկական զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության  մեջ, զգոն են, տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակոդի ցանկացած գործողության և պատրաստ են ցանկացած սադրանքների` լինի ցամաքային, թե օդային, տեսնում ենք բոլոր շարժերն ու բոլոր գործողությունները»:

Ասուլիսին մասնակցում էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Վերջինս ընդգծեց` ՊՆ-ի հետ արդյունավետ համագործակցության մեջ են և իրենց առաջնահերթությունների մեջ է նաև զինծառայողների իրավունքները.

«Մենք այստեղ ենք քաղաքացիական բնակավայրերում մարդկանց իրավունքների հետ  կապված, սակայն պետք է ասեմ, որ զինծառայողների իրավունքների հարցերը նույնպես մեր անմիջական ուշադրության ներքո են»:

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ համարեց հատկապես այն, որ հրետակոծվել էր «Տավուշ տեքստիլը», որը արտադրում է բժշկական դիմակներ.

«Միջազգային մարդասիրական նորմերի խախտման մասին է այստեղ արդեն խոսքը գնում։ Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը նախապես իմացել է, որ այդտեղ կա ոչ ռազմավարական օբյեկտ, այն էլ բժշկական կարևորության»։

Թաթոյանը համոզմունք հայտնեց, որ հակառակորդը մտադիր է եղել թիրախային վնաս հասցնել:

Նա նաև տեղեկացրեց, որ վնասների մեծ մասը հասցվել է Այգեպար գյուղին, 11 տուն ենթարկվել է հրետակոծության.

«Խոսքը գնում է այնպիսի արկերի մասին, որոնք պարզապես ներսից պայթում են և բեկորների են վերածվում: Այդ բեկորները կարող են անվերականգնելի վնաս հասցնել մարդկանց»:

Այգեպարում տներից մեկը հրդեհեվել է հենց այդ արկի պատճառով,-ասում է Թաթոյանը և հավելում, որ եթե այդ արկը հարվածեր տան տանիքին, այն ամբողջությամբ փլատակի կվեածեր: