Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_07601
A A
Քաղաքականություն

Այս պահին մեր զինվորները փայլում են, դրա վառ ապացույցը դուք ինքներդ տեսնում եք. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Տավուշում երեկ երեկոյից սկսած հարաբերական անդորր է տիրում։  ժամը 18։00-ից սկսած ըստ էության լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել, իսկ կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է եղել՝ չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր․այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Իջեւանում հրավիրված ասուլիսում։

«Մինչ ժամը 24։00-ն եղել են կրակոցներ, այդ ընթացքում մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է 2 ԱԹՍ, որից հետո տիրել է անդորր։  Այս պահին նույնպես շարունակվում է այդ վիճակը, արցախյան հատվածում նույնպես հանգիստ է եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-ասաց նա։

Ըստ էության ադրբեջանական զինված ուժերն ու սահմանապահ ծառայությունը գրեթե ամբողջությամբ օգտագործել են իրենց զինանոցը,  բացառությամբ  մի քանի զինտեխնիկայի, մինչ այս պահը բացի ԱԹՍ-ներից նրանք կորցրել են նաև զինտեխնիկա, սակայն հստակ թվեր Հովհաննիսյանը չներկայացրեց։

Արծրուն Հովհաննիսյանը ցավակցություն հայտնեց երեկ մահացու վիրավորում ստացած չորս զինծառայողների հարազատներին և տեղեկացրեց վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին, նշելով, որ այս պահին բուժվում է 10 զինծառայող․

«Փաստացի բուժվում է 10 հոգի, որոնցից 5-ի թեթև է, մյուս հինգ վիրավորներից մեկի վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմին, երեկ շրջանառվում էր 12 զոհի մասին, այլ տեղեկություն չունեմ»։

Հարցին՝ կա որևէ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ զինադադարի վերաբերյալ, Հովհաննիսյանը պատասխանեց, եթե լինի՝ դրա մասին կտեղեկացնի Արտգործնախարարությունը։

Անդրադառնալով կամավորներին ներգրավվելու խնդրին Հովհաննիսանը հավաստիացրեց, որ մեր զինծառայողները կատարում են իրենց առջև դրած պարտավորությունները․ «ՀՀ Զինված ուժերը իրենց խնդիրը փայլուն կատարում են, կոնֆլիկտի բնույթն ու ծավալները այնպիսին չեն, որ մենք դիմենք պահեստազորայիններին կամ կամավորներին։ Մենք գիտենք, որ իրենք պատրաստ են, սակայն այս պահին մեր զինվորները փայլում են, դրա վառ ապացույցը դուք ինքներդ տեսնում եք»։

Արծրուն Հովհաննիսյանի հավաստիացմամբ բնակավայրերից տարհանում չի եղել․ «Կարծում եմ՝ չի էլ լինի։ Ինչ վերաբերում է վնասներին, դրանք կհաշվարկվեն և կներկայացվեն ավելի ուշ»։