Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա կեղծ օրակարգ է. Բադասյանը՝ հավաքների ազատությունը թույլ տալու՝ ընդդիմության առաջարկի մասին (տեսանյութ)

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա ճնշում է հնարավոր գործադրել այս կամ այն որոշման համար, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ, հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել»,-Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսպես արձագանքեց ՄԻԵԴ-ի վրա ՍԴ դատավորների գործով հնարավոր ազդեցությունների վերաբերյալ պնդումներին:

Անդրադառնալով ՍԴ դատավորների դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց չկիրառելու որոշմանը, Բադասյանն ասաց՝ իշխանությունների խնդիրը ՍԴ-ի մոդելի կյանքի կոչումն էր, ինչը իրականացվեց Սահմանադրական փոփոխություններով.

«Կարծում եմ՝ ՍԴ դատավորները մեկնարկային այնպիսի բարդ իրավիճակում էին, որ հնարավոր չէր հասնել միջանկյալ միջոցի, ինչը արձանագրվեց դատարանի որոշմամբ»:

Բադասյանը համոզմունք հայտնեց, որ ՍԴ մոդելի կյանքի կոչումը առաջին փուլով ավարտված է, երկրորդ փուլը կավարտվի անդամների նշանակումից հետո:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի առաջարկին՝ նախագահի ինստիտուտին 3 ՍԴ դատավոր նշանակելու հնարավորություն տալու մասով, Բադասյանն ասաց՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի համար ցանկացած առաջարկ քննարկելի է, սակայն հավելեց, որ իր կարծիքով գործող մոդելը հակակշիռներ ապահովում է:

«Ա1+»-ը Բադասյանից հետաքրքրվեց նաև դիրքորոշում արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության վերաբերյալ, քանի որ ԱԺ-ն այսօր չընդունեց ԲՀԿ-ի առաջարկը՝ թույլ տալ հավաքներ իրականացնել սահմանված կանոնների պահպանմամբ:

«Իմ կարծիքով, ընդդիմությունը հասարակությանը ցույց տալու հանգամանքներ ունի, իբր իրենք պատրաստ են շատ հուժկու հավաքներ կազմակերպել և ահա արտակարգ դրությունը իրենց ամբողջ պլանները խախտում է և չեն կարողանում իրագործել, սա կեղծ օրակարգ է և ընդդիմության համար հարմար առիթ է այդ հարցը անընդհատ բարձրաձայնելու և ասելու , որ իբր իշխանությունները իրենց թույլ չեն տալիս հուժկու հավաքները իրագործել»,-նշեց Բադասյանը::

Ինչ վերաբերում է իրավաչափությանը, Բադասյանն ասաց՝ Սահմանադրությունը վկայում է,որ առողջության պահպանումը հավաքների սահմանափակման հիմք կարող է լինել, ընդ որում՝ ոչ միայն արտակարգ դրության պայմաններում: