Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Հարցազրույց Քաղաքականություն Հասարակություն

ՍԴ-ն և ԲԴԽ-ն դատավորներին ապահովագրել են պատասխանատվությունից. վեթինգին սպասելիս (տեսանյութ)

Եթե տեսնեն` բարեվարքությունը չի առողջացնում դատական համակարգը, կփոխեն մայր օրենքը.

Խոստացած կոշտ միջոցների փոխարեն` մեղմ բարեվարքություն

--------------------------

Իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է, որ իշխանությունները շատ շուտ մոռացան, որ հեղափոխական են։ Եվ դատական համակարգում վեթինգ կրառելու մասին մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով տված խոստումը իրականություն չդարձրեցին:

Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգում անհրաժեշտ է կիրառել վեթինգ` ստուգել դատավորների ծագումնաբանությունը, քաղաքական կապերը, գույքի ու եկամուտների համապատասխանությունը: Վարչապետի այդ հայտարարությունից երկու օր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու նրան կալանքից ազատել էր: Ն.Փաշինյանի կոչով մայիսի 20-ին անգամ շրջափակվել էին դատարանների ելքերն ու մուտքերը:

Բայց մեկ տարի անց իշխանությունները վեթինգի փոխարեն մշակեցին և  ընդունեցին Դատական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու մասին օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ներդնել մեղմ բարեվարքության մեխանիզմները:

Այս դեպքում կարևորվելու են դատավորների և դատավորների թեկնածուների հայտարարագրերը, գույքի ու եկամուտների համապատասխանության հարցը:

Այդ փոփոխությունների համաձայն ստեղծվելու է դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, Ուսումնական հարցերի հանձնաժողով, ներդրվելու է Դատավորների թեկնածուների հավակնորդների ընտրության նոր մեխանիզմներ:

Այս գործընթացում կարեւորագույն դերերը վերապահված են երկու կառույցի՝ դատական ոլորտը վերահսկող՝ Բարձրագույն դատական խորհրդին եւ նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Այսուհետ դատավոր ընտրվելու համար էական է լինելու՝ ինչպիսի՞ն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդակցության եզրակացությունը՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ։

Իսկ ինչու իշխանությունները հրաժարվեցին վեթինգից: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատճառաբանում է, որ գործող Սահմանադրությունը չունի վեթինգի համար անհրաժեշտ կարգավորումները: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ հավելում է, որ իրենք այդ հարցում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը, և բարեվարքության տարբերակն ընտրելու պատճառներից մեկն էլ դա է:

Իսկ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կարծում է, որ դատական համակարգում անգամ մեղմ բարեվարքությունը կիրեռելու հնարավորությունն է փակված: Բանն այնն է, որ 2019-ի նոյեմբերի 14-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, քանի որ նրա՝  դատավորի պաշտոնին ոչ հարիր արարքի պատճառով քաղաքացին զրկվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից: Ա.Մելքումյանն այս որոշման սահմանադրականությունը վիճարկել էր Սահմանադրական դատարանում, որը  ԲԴԽ որոշումը ճանաչել էր հակասահմանադրական։ Իսկ այս տարի փետրվարին ԲԴԽ-ն հիմք ընդունելով ՍԴ-ի այդ որոշումը` վերականգնեց դատավորի լիազորությունները: Եվ Հ.Հովհաննիսյանի ներկայացմամբ ՍԴ-ի ու ԲԴԽ-ի այդ որոշումները նախադեպ դարձան, որ մինչև 2020թ. մայիսի 2-ը`մինչև բարեվարքության վերաբերյալ օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը դատավորներն ապահովագրված լինեն իրենց արարքների համար պատասխանատվություն կրելուց:

Այնուամենայնիվ իշխանություններն ասում են, թե վերջնականապես չեն հրաժարվում վեթինգից: Բարեվարքության մոդելը կիրառելուց հետո եթե տեսնեն` համակարգը չի առողջանում, կարող են սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որն էլ թույլ կտա համատարած վեթինգ կիրառել: «Եվ սա կարևոր է,որ մեր գաղափարախոսության մեջ է, որ մենք ոչ թե գերանդին առնում և հնձում ենք ամեն ինչ և ամեն ուր, մենք նաև համակարգերին շանսենք տալիս, որ իրենք այդ խնդիրները լուծեն»,- ասում է Ն.Փաշինյանը: