Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհ
A A
Հասարակություն

Հայոց լեզու և գրականություն առարկայի ժամաքանակի կրճատում չի լինի. փոխնախարար (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել հանրակրթության նոր չափորոշիչ, որով փոփոխվում է դպրոցներում ընդունված նորմերն ու մոտեցումները։

«Մենք բերում ենք նոր չափորոշիչներ, որոնք հիմնված են գիտելիքների, արժեքների վրա,- նշում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Հոդված 3» ակումբի առցանց քննարկման ընթացքում։ 

Քննարկման նպատակն է հասկանալ՝ թե նոր չափորոշիչների ընդունմամբ ինչպես է փոխվելու հանրակրթությունը։ Բարեփոխումների ծրագիրը  առաջարկում է  առարկաների կրճատում, գնահատման համակարգի փոփոխություն և այլն։

«Հիմնական նպատակը դպրոցից պետության պահանջը ձևակերպելն է։ Մեր խնդիրն է հանրակրթարանը դարձնել միջավայր, որտեղ կարող են որոշումներ կայացնել։ Սրանք չափորոշիչներ են, որոնք հիմնված են գիտելիքների,արժեքների վրա»,-ասաց նա։

Նրա խոսքով ՝ առաջնային է  12 տարվա ավարտին ունենալ  քաղաքացիներ, ովքեր ունեն հանրային գիտակցություն.

«Պետք է փոխել գաղափարը՝ պաշտպանել ոչ թե առարկաների շահերը, այլ սովորողի շահերը։ Մեր աշխատանքը ոչ միայն առարկայական է, ծրագրային, այլև նախատեսում է փոփոխել սովորողի և սովորեցնողի հարաբերությունները»։

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը կարևորեց մասնավորապես ուսուցիչների վերապատրաստումն ու նոր մոտեցումներով հանդես գալը.

«Առաջարկվող փոփոխությունները անպայմանորեն ներառում են ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, քանզի առանց դրա փոփոխությունները նկատելի չեն լինի։ Պետք է կրթելու մոտեցումները դարձնել նորովի ու արդիական»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ չափորոշիչները չպետք է մնան թղթի վրա.

« Փաստաթուղթը բավականին ընդհանրական է, պետք է այնպես անել, որ այն մարդկայնանա։ Ուսուցչի համար պետք է դառնա ամենօրյա օգտագործման գործիք, որպեսզի ուսուցիչը չխորշի վերջնարդյունքներից ու պահանջներից»։

«Կան կետեր, որոնք խնդրահարույց են, գրված է այնպես, որ հասկանալի չէ, թե այդ կետի տակ ինչ պետք է դասավանդվի։ Օրինակ Ռազմագիտություն առարկան մտցված է Ֆիզիկական կուլտուրայի մեջ, պետք է հասկանանք ինչպես է այն դասավանդվելու» ,- քննարկմանը նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորի խոսքով մնում է խնդրահարույց նաև Հայ եկեղեցու  պատմություն, Հայոց լեզու և գրականություն առարկաների համար առաջարկվող փոփոխությունը

«Անդրեասյանը վստահեցրեց, որ Հայոց լեզու և Գրականություն առարկայի ժամաքանակը չի կրճատվում, բայց հստակ նշված չէ փոփոխության արդյունքում այդ առարկայի ժամաքանակը»։

«Անդրադառնալով  առարկաների կրճատման մտահոգություններին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ փոփոխությունները պետք է համաձայնեցնել և չոտնահարել ուսուցիչների շահերը։

«Ո՞րն է երաշխիքը, որ կարողանալու ենք կարճելով նյութը տեղավորել և որակ տալ, սա շեշտադրում են ուսուցիչները։ Հանրապետությունում 1600 հոգի առարկան դասավանդող ուսուցիչներ կան, որոնցից 300 ը միայն ՀԵՊ առարկան է դասավանդում, այսինքն ենթադրում է ուսուցիչների կրճատում։ Պետք է հաշվի առնել սոցիալական խնդիրը նաև»,-ասաց նա…

Անդրեասյանը ի պատասխան նշեց, որ որևէ կերպ չափորոշիչները չեն ենթադրում Հայոց լեզու և Գրականություն առարկայի ժամաքանակի  կրճատում կամ քչացում.

«Փաստաթուղթը ներառում է չորս պարտադիր առարկա՝ Հայոց լեզու, Գրականություն, Հայոց պատմություն և Մաթեմատիկա։ Մեր ներկայացրած փոփոխությունները որևէ կերպ չի համընկնում այն խոսակցությունների հետ, որոնք շրջանառվում են»։

 Հիշեցնենք, ոև  ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության նոր չափորոշիչը, որով ակնկալում է ունենալ կարողությունների ձևավորմանն ուղղված հանրակրթության բովանդակություն, որին կհետևի չափելի վերջնարդյունքների հիման վրա առարկայական ծրագրերի, գնահատման մեթոդաբանության մշակում և դասագրքերի ստեղծում։

ԿԳՄՍՆ-ի ակնկալիքով, այն դպրոցներին հնարավորություն կտա ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել ուսումնական հաջողությունները գրանցելու, բացթողումները տեսնելու և դրանք հաշվի առնելու դասավանդման ընթացքում։