Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միքայել Մինասյանը թող զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԻԵԴ-ի երեկ կայացրած որոշմանը, ըստ որի՝ մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու եւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը սառեցնելու մասին.
 
«Դե, բացի մեզանից, բոլորը նման ակնկալիք ունեին, մենք նման ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշում կցուցաբերի: Դա պարոն Թովմասյանի եւ նրան մոտ տարբեր լրատվամիջոցների եւ գործիչների ցանկությունն է, այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու»։
 
Ճշտող հարցին՝ Հրայր Թովմասյանն այդ ճանապարհո՞վ է գնում, Սիմոնյանն արձագանքեց.
 
«Ես կարծում եմ՝ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ այստեղ լույսը անջատելու, որ ես հարցազրույց չտամ, ինքը դա կանի, որովհետեւ ինքը դրա փորձն ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանալ, բայց վստահ եմ, որ ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»:
 
«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն անդրադարձավ նաև Միքայել Մինասյանի հայտարարություններին, թե Սահմանադրական հեղաշրջման համար հաջորդ իշխանությունների օրոք 89+1 պատգամավորները ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
 
«Պարոն Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե հոգա 89 պատգամավորների՝ իրենց աշխատանքը կատարելու իր մեկնաբանությամբ։ Այն երազախաբությունը, որը պարոն Մինասյանը վերապրում է և հաճախ եթեր է բաց թողնում, իմ և շատերի կողմից մեկնաբանության կարիք այսքան հաճախ չունեն»,- ասաց նա։