Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևի վերջին ելույթը պարունակում է շանտաժի էլեմենտ․ Մակունց (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակներ չկրելու համար տուգանքների խստացման նախագիծը,  քանի որ ավելի շատ քննարկման անհրաժեշտություն կար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա պնդմամբ՝ Երեւանի այն հատվածներում, որտեղ ոստիկանությունն ակտիվ է, դիմակներ դնելը պահպանվում է, իսկ բակերում օրենքը չի պահպանվում, մինչդեռ հանրային շահի և առողջության համար բոլոր միջոցները պետք է ձեռք առնվեն:

Մակունցը վստահ է՝ որոշ դեպքերում տուգանքն աշխատում է, մյուս կողմից խնդիր կա այն առումով, որ տուգանքը մուծում են և շարունակում են դիմակ չկրել։

Իշխանական խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև խմբակցության պասիվ պատգամավորներին, լրագրողը հիշեցրեց, որ նախկինում ընդդիմությունը իշխանական պասիվ պատգամավորներին «կոճակ սեղմող» էր անվանում։

Նախ նշեց՝ իրենց  գործունեությանը միշտ քննադատաբար են մոտենում, վերանայում են աշխատանքային մոտեցումները եւ փորձում են լավացնել աշխատելու որակը: 

Նաև պնդեց, որ պատգամավորների մի մասը գործունեություն է ծավալում նաև համայնքներում եւ մարզերում

«Եթե ես օրինակ բերեմ Սիփան Փաշինյանի գործունեությունը, թե ինչ ծավալի աշխատանք է նա կատարում Տավուշի մարզում, կարծում եմ, այն, ինչ հանրային է, հավատացնում եմ, դրանից շատ ավելին է ոչ հանրային: Մյուս պատգամավորների առնչությամբ, ես չգիտեմ, թե դուք ում նկատի ունեք, կարծում եմ, առաջին հերթին հենց իրենց կարելի է ուղղել հարցերը եւ ստանալ պատասխաններ»: 

Խմբակցությունում կան ինքնամեկուսացած պատգամավորներ, տեղեկացրեց Մակունցը՝ հավելելով, որ եղել են 8 հաստատված վարակակիրներ, նրանցից 2-ը արդեն առողջացած են։

Իշխող խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև այն հայտարարությանը, որ Ղարաբաղյան հարցի  կարգավորման շուրջ փաստացի բանակցություններ չկան

«Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգացման Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ասաց նա։ 

Անդրադառնալով հանրային քննարկման ներկայացված՝ կրթության նոր չափորոշիչներին, ըստ որոնց՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան առանձին չի դասավանդվելու դպրոցներում, Մակունցը պնդեց

««Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի հանվում օրակարգից, այն համադրվելու է հայ ժողովրդի պատմության հետ, եւ բովանդակային առումով որեւէ փոփոխություն չի լինելու»։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան Մակունցը անդրադարձավ նաև նախագահի առաջարկին՝ ՍԴ երեք անդամներին նշանակելու լիազորությունը տալ նախագահին, որպեսզի հակակշիռների մեխանիզմներ լինեն: Նշեց՝ հարցը քննարկման ենթակա է

««Իմ քայլի» հետ մասնավոր զրույցներում նախագահը հնչեցրել է նման գաղափար, առաջարկել է քննարկել։ Հիմա արդարադատության նախարարությունն աշխատանքային խումբ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների քննարկման հետ կապված։ Կարծում եմ՝ այդ դաշտում այդ հարցերը հնարավոր է քննարկել և այո կամ ոչ պատասխանները ստանալ», - ասաց նա։