Բացել լրահոսը Փակել լրահոսը
0003
A A
Հասարակություն

Ատամնաբուժական ծառայություն Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների համար

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի ֆինանսավորմամբ հունիս ամսից կենտրոնի խնամառուներին մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ (բուժում, պրոթեզավորում և օժանդակ այլ միջամտություններ): Խիստ կարանտինային պայմաններում ընթացող աշխատանքները կենտրոնի տնօրենության անմիջական ու աչալուրջ վերահսկողության տակ են, չափազանց ուշադիր են նաև բժիշկ-մասնագետները:

 

«Խնամվողներին երբեք նման ամբողջական ծառայություններ չեն մատուցվել, նման ակցիաներ այստեղ տեղի չեն ունեցել, աշխատանքների ծավալը մեծ է, կարծում եմ մինչև դեկտեմբեր կշարունակվեն: Այս միջոցառման շնորհիվ մեր տարեցների համար ունենալու ենք կյանքի որակի ակնհայտ բարձրացում»,- նշում է կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը:

 

Ծառայությունների մատուցումն իրականացնում է «Եվրոդենտ» հետբուհական կրթական կենտրոնը, որը հատուկ խնամառուների համար տեղում կազմակերպել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ: Այս նախաձեռնությունը շատ կարևոր է խնամառուների կյանքի որակի բարելավման՝ առողջականից մինչև հոգեբանական ամրություն հաղորդելու տեսանկյունից:

 

«Կենտրոնի բոլոր տարեցներն էլ ունեն ատամնաբուժական ծառայության կարիք: Առաջին անգամ մենք մետաղ-ճենապակե (մետալոկերամիկա) ատամներ ենք պատրաստելու նրանց համար: Կենտրոնի բնակիչների ոգևորությունն ու երախտագիտությունը շատ պարտավորեցնող է և հուզիչ: Նրանցից մեկը դհոլ է խնդրել, որ ի նշան շնորհակալության, նվագի բժիշկների համար»,- ասում է «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանը:

 

Տարեցների՝ ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը մեկնարկվել է 2019 թ.-ից: Այն հաջողությամբ իրականացվել է նաև «Վանաձորի տարեցների տանը», որի 31 բնակիչների համար իրականացվել է ատամի հեռացում, բուժում, ատամնաշապիկի տեղադրում, մասնակի և լրիվ պրոթեզավորում։

 

«Իմ քայլը» հիմնադրամ