Բացել լրահոսը Փակել լրահոսը
Urbanista_Vanadzor-1
A A
Հասարակություն

Կապանը դառնում է հեծանվային քաղաք

«Հեծանվային Կապան» ծրագիրը Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում հաղթող ճանաչված ծրագրերից Է ։ Այն ներկայացրել է «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ն։

 Ծրագրային աշխատանքները սկսվել են տարեսկզբից. տեղադրվել են հեծանվային երթևեկության նշաններ և տեղեկատվական վահանակներ։ Գծանշվել են հեծանվային արահետներ, տեղադրվել են հեծանվային կայանատեղիներ։

Կազմակերպության  նախագահ Վիկտորյա Աղաբեկյանը ասում է, որ  գաղափարը քննարկում էին դեռևս 2015 թվականին, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով ծրագիրը տարիներ շարունակ «սպասել է»։

 2019 թվականին դիմել են «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրին,  հաղթել և դրամաշնորհ ստացել։ Այս տարվա հունվար ամսից արդեն մեկնարկել են ակտիվ աշխատանքները։

Վիկտորյա Աղաբեկյանը նշում է, որ Կապանում անցկացված սոցհարցումների արդյունքը նույնպես փաստում է, որ կապանցիները շահագրգռված են ծրագրով։

Բնակիչների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են երկօրյա առցանց դասընթացներ, որոնց օգնությամբ 30 մասնակիցներ ձեռք են բերել հեծանիվի օգտակարության, տեսակների և երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքներ։

Տպագրվել է հեծանվորդների համար նախատեսված մեթոդական ձեռնարկ, որում մանրակրկիտ ներկայացված են հեծանվորդների իրավունքները, պարտականությունները։

«Կապանը կլինի այն եզակի քաղաքներից մեկը, որում առկա կլինի հեծանվային ենթակառուցվածք։ Շուտով կկառուցվի հեծանիվների վարձակալության կետ Կապանի կենտրոնական հատվածում, որտեղ կունենանք տասնհինգ նոր հեծանիվներ։ Եւ կապանցիները, և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան օգտվել դրանցից»,- հայտնեց  Վիկտորյա Աղաբեկյանը։

Ծրագրի ղեկավարը նշում է, որ մեր հասարակության մեջ կա այս ոլոտի վերաբերյալ մտածողության և փոխըմբռման պակաս։

«Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ հեծանվորդները, վարորդները և հետիոտները փոխադարձաբար կհարգեն միմյանց իրավունքները հեծանվային արահետներում չպետք է լինեն կայանված մեքենաներ»։

Վիկտորյա Աղաբեկյանը հուսով է, որ ժամանակի ընթացքում ծրագիրը կընդլայնվի և  Կապանի օրինակը կլինի վարակիչ։