Բացել լրահոսը Փակել լրահոսը
107048580_3500745343271829_8657545262501377636_n
A A
Քաղաքականություն

ՍԴ-ն վաղը կքննի՞ Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Մինչ այս պահը դեռևս հայտնի չէ՝ Սահմանադրական դատարանում վաղը նշանակված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա, ինչպես նաև Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասի Սահմանադրության համապատասխանության հարցը քննելու վերաբերյալ նիստը կայանալո՞ւ է, թե ոչ։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը «Ա1+»-ին փոխանցեց՝ նիստերի ժամանակացույցը կայքում տեղադրված է, իսկ նիստերի ժամկետների փոփոխության վերաբերյալ որոշում իրավասու է կայացնել միայն  դատարանը՝ աշխատակարգային նիստում։

Սահմանադրական դատարանի կայքում մինչ այս պահը նշված է, որ հարցը քննվելու է հուլիսի 7-ին նշանակված նիստում։

Աշխատակազմի ղեկավարը փոխանցեց նաև, որ աշխատակարգային նիստ այս պահին նախատեսված չէ․

«Աշխատակարգային նիստ դատարանը կարող է հրավիրել ցանկացած պահի, այսինքն՝ Սահմանադրական դատարանի նիստից առաջ կարող է հրավիրվել նաև աշխատակարգային նիստ և կայացվել աշխատակարգային որոշումներ։ Պլանավորված, նախապես հաստատված աշխատակարգային նիստ առաջիկայում նախատեսված չէ»։

Ինչ վերաբերում է նիստի քվորման  հարցին, Ղազարյանն ասաց՝ կախված է դատավորների մասնակցությունից։

Հիշեցնեք, որ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։