Բացել լրահոսը Փակել լրահոսը
C43C4536-7D25-41BE-B5D4-E5E2AC4E56C5_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Աճ են գրանցում իրար դեմ պայքարող ԱՄՆ-ի տնտեսությունն ու կորոնավիրուսի տարածման արագությունը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

ԱՄՆ-ում հունիս ամսին բացվել է նոր 4 միլիոն 800 հազար աշխատատեղ: Գործազրկությունն իջել է մինչեւ 11 տոկոսի, եւ երկրորդ ամիսը լինելով, գրանցվել է տնտեսության աճ: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ տնտեսությունը կորոնավիրուսից հետո սկսել է վերականգնման գործընթաց:

‘’Տնտեսությունը շատ արագ է վերականգնվում, եւ լավ արդյունք է տալիս նահանգապետերի հետ մեր աշխատանքը’’, ասել է Թրամփը:

Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի առջեւ հանդես գալով` երկրի ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինը մի քանի օր առաջ ասել էր, թե տնտեսությանն աջակցության հաջորդ փուլը կենտրնոնանալու է կորուստներ կրող բիզնեսների, ինչպես օրինակ ռեստորանանների ու հյուրանոցների վրա:

Համաճարակի կողմից հասցված վնասները գոնե որոշ չափով չեզոքացնելու նպատակով Կոնգրեսը Աշխատավարձերի պաշտպանության ծրագրին 660 միլիարդ դոլար է հատկացրել, որպեսզի բիզնեսը գոյատեւի ու այս բնագավառի աշխատակիցները չկորցնեն իրենց աշխատանքը:

Ծրագիրը պիտի ավարտվեր եկող երեքշաբթի օրը, սակայն Սենատը որոշել է այն երկարաձգել մինչեւ օգոստոսի 8-ը:

Մյուս ծրագիրը, որը ստացել է Կորոնավիրուսի դեմ օգնության եւ տնտեսական անվտանգության գործառույթ անվանումը, եւ որը մոտ 600 միլիարդ դոլար է հատկացնում գործազրկությանն աջակցելու նպատակով, ավարտվելու է այս ամսվա վերջին:

Կենտրոնական բանկի նախագահ Ջերոմի Փաուելի խոսքերով, չնայած տնտեսական հաշվարկը ցույց է տալիս դրական միտումներ, չպետք է մոռանալ, որ դեռեւս 20 միլիոն ամերիկացիներ վերջերս զրկվել են իրենց աշխատանքից: ‘’Եվ տնտեսության առաջընթացի ճանապարհը դեռեւս անորոշ է, ինչը մեծապես է կախված լինելու կորոնավիրուսի դեմ մեր պայքարի արդյունավետությունից’’, ասել է նա:

Իսկ կորոնավիրուսի ճանապարհը կարծես թե դեռեւս կարմիր լույս չի տեսնում իր առջեւ, կամ էլ տեսնում է, բայց կարողանում է անտեսել: ԱՄՆ-ի տասը նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկնապատկվել է միայն հունիս ամսվա ընթացքում, ինչի արդյունքում 19 նահանգներ որոշել են ժամանակավորապես դադարեցնել տնտեսությունը վերաբացելու գործընթացը: