Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Համավարակով պայմանավորված միջազգային փորձագետները չեն ժամանել, բայց մրցույթը կանցկացվի (տեսանյութ)

Այս պահին որոշ իրավական խնդիրներ կան Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհահատվածի վերակառուցման հատվածում՝ կապված նախկին կապալառուի հետ։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը առցանց ասուլիս ժամանակ։  Պատճառն  այն է, որ համավարակով պայմանավորված միջազգային փորձագետները չեն ժամանել։

«Չնայած այս հանգամանքներին՝ նախատեսում ենք մինչև տարեվերջ նոր մրցութային գործընթաց՝ շինարարական աշխատանքները վերսկսելու համար»,-ասաց նա։

Մյուս դեպքերում, ըստ նրա, ճապարհաշինությունը եռուն շրջանում է. «Այս պահին ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ, համավարակով պայմանավորված որևէ ծրագիր կանգ չի առել։ Ավելին՝ ոչ միայն չենք դադարեցնում, այլև խթանում ու արագացնում ենք ծրագրերի իրագործումը»։

Քրիստինե Ղալեչյանը վստահեցնում է՝ նախարարությունը կարողանալու է ամբողջապես իրականացնել այս տարվա ծրագրերը։

«2020 թվականին բյուջեից  տրամադրվել է 21,6 մլրդ դրամ՝ 10 մարզերում  ճանապարհների հիմնանորոգման նպատակով։ Տարեվերջին ունենալու ենք 251 կմ  հիմնանորոգված, 87կմ միջին նորոգման վերականգնված ճանապարհներ, սա ինքնին բարձր ցուցանիշ է»,-ասաց նա։

Կորոնավիրուսով պայմանավորված՝  շատերը չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի, որը նրանց եկամտի միակ աղբյուրն էր։

Ըստ փոխնախարարի՝  համագործակցում են   մարզպետարանների հետ և արվում է ամեն հնարավորը  այդ  շինարական ուժն  իրենց ծրագրերում ներգրավվելու համար.

«Մենք փորձում ենք շինաշխատանքներում ներգրավվել արտագնա աշխատողներին, փորձում ենք ձևավորել առաջարկն ու պահանջարկը, վերլուծություն ենք անում, թե ինչ արդյունքներ արձանագրեցինք՝ քանի մարդու կարողացանք ապահովել աշխատանքով։ Նույն կերպ հորդորում ենք  շինարարություն իրականացնող ընկերություններին հնարավորության դեպքում ներգրավել տեղի բնակչությանը»։

Փոխնախարարը նաեւ առնաձնացնում է սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերը.

«Այս տարի իրականացվել է Տավուշի մարզում՝ Այգեպար-Բերդավան, Ներքի Կարմիրաղբյուր համայնքներում աշխատանքներ,  Զառիթափ համայնքի՝ դեպի Նախիջևան ճանապարհահատվածը և այլն։  Բարվոք ճանապարհները ապահովում են տուրիզմի առաջխաղացումը»։

Անդրադառնալով ճանապարհների որակի խնդրին՝  տեղեկացրեց կապալառուների մոտ հստակ ձևավորված մոտեցում կա, որ անորակ աշխատանք չի ընդունվելու.

«Որակի խնդիրները բնականոն գործընթաց է շինարարության մեջ, դրանք հիմնականում մասնավոր դեպքեր են, մենք փորձում ենք  լուծում տալ դրանց»։

 

Տեխնիկական խնդիրների պատճառով առցանց ասուլիսն ընդհատվեց եւ չվերսկվեց։