Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմայի» երկպագու. «դուք այլևս չեք սիրում Հռոմը». նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը

«Դուք մեզ մոտից խլում եք երկրպագելու ցանկությունը: Մենք այլևս չենք կարող դիմանալ», «Թիմ առանց նպատակի, անհատների և որակի», «Դուք այլևս չեք սիրում Հռոմը, դա ձեր մեծագույն պարտությունն է», «Խնդիրն այն չէ, որ պարտվել ենք «Ուդինեզեին», այլ այն, որ թիմը չի պայքարում հաղթանակի համար: Նրանց համար մրցաշրջանն արդեն ավարտվել է»:

Այսպիսի քննադատական խոսքերով են հանդես եկել Հռոմի «Ռոմայի» երկրպագուները անցած գիշեր «Ուդինեզեի» հետ կայացած խաղից հետո: «Կարմրա-դեղինները» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվել են 16-րդ տեղում գտնվող «սև-սպիտակներին»՝ այդպիսով հեռանալով չեմպիոնների լիգայի գոտուց: Այժմ «Ռոման» 4-րդ տեղում գտնվող «Ատալանտայից» ետ է մնում 12 միավորով, ինչը դժվար կլինի չեզոքացնել մնացած ինը տուրերի ընթացքում:

Մասնագետները հռոմեացիների պարտության առաջին պատճառ համարում են ֆուտբոլիստների ֆիզիկական ցածր պատրաստվածությունը: Երկրորդ՝ միանգամից մեծ թվով խաղացողների փոխարինումը: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Միլանի» հետ նախորդ հանդիպման համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 8 փոփոխություն՝ հիմնականում փորձառու խաղացողներին փոխարինելով երիտասարդներով:

Ճիշտ է, արդեն ընդմիջմանը պորտուգալացի մասնագետը խաղադաշտ է դուրս բերել փորձառու Հենրիխ Մխիթարյանին, իսկ վերջում կրկնակի փոխարինում է կատարել, մարտի նետելով նաև թիմի գլխավոր ռմբարկու Էդին Ջեկոյին, սակայն խաղի ընթացքը փոխել չի հաջողվել, քանի որ թիմը վաղուց մնացել էր 10 խաղացողով (կոպիտ խաղի համար 29-րդ րոպեին դաշտից միանգամից հեռացվել էր արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին) և չէր կարողանում իր կամքը թելադրել թվային առավելություն ունեցող մրցակցին:

Ըստ մասնագետների, եթե «Ռոման» շուտափույթ չհաղթահարի ներկա խաղային ճգնաժամը, ապա կարող է կորցնել իր տեղը նաև Եվրոպայի լիգայում: Նրան հաջորդող «Նապոլին» արդեն նվաճել է եվրոպական ուղեգիր՝ հաղթելով Իտալիայի գավաթի խաղարկությունում, իսկ 7-րդ տեղում գտնվող «Միլանն» արդեն ետ է մնում 5 միավորով:

Պաուլո Ֆոնսեկան խաղից հետո պարտության ողջ մեղքը վերցրել է իր վրա, սակայն միաժամանակ նշել է, որ ինքը վստահում է բոլոր խաղացողներին և չի զղջում կազմի կտրուկ փոփոխման համար: