Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Օրացույց

Օրացույց, հուլիսի 2. ազատ արձակվեցին Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահները (տեսանյութ) (տեսանյութ)

1995 թվականին գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր։ Գործարանն արտադրում էր ինքնակառավարվող համակարգեր, թվային հեռախոսասարքեր։

Նկատենք, որ գործարկումից ճիշտ 7 տարի անց «Մարսը», մի քանի այլ ձեռնարկության հետ, «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով փոխանցվեց Ռուսաստանին։

1999-ին հնգամսյա կալանքից ազատ արձակվեցին ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։

1999-ի հուլիսի 2-ին հեռահաղորդակցության նախարարությունը բացեց նամականիշերի առաջին խանութը Հայաստանում։

Ներկայացված էին ավելի քան 160 տեսակի նամականիշ, որոնցում պատկերված էին Հայաստանի տեսարժան վայրերը, հայ ազգային եւ արվեստի գործիչներ։

2001-ի այս օրը փաստվեց, որ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին չի ներկայացնում պահանջվող փաստաթղթեր։ 2001-ի հուլիսի 2-4-ը Ստեփանակերտում կայացավ չճանաչված պետությունների արտգործնախարարների հանդիպում։

2008-ի այս օրը մի քանի տասնյակ երիտասարդներ վիրավորական արտահայտություններ արեցին Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանք իրականացնող ՀԱԿ կողմնակիցների եւ շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Սկսվեց քաշքշուկ, որին, ըստ Տեր-Պետրոսյանի գրասենյակի հայտարարության, չէին միջամտում ականատես ոստիկանները։

2009-ի հուլիսի 2-ի արտահերթ հանրահավաքում համաներմամբ ազատ արձակված քաղկալանավորները հայտարարեցին, որ բանտային պայմաններն իրենց չեն ընկճել։

2010-ի այս օրը կայացավ ՀԱԿ երիտթեւի երթը կոնգրեսի գրասենյակից դեպի դատախազություն։ Պահանջվում էր ազատ արձակել երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին։ Նույն օրը Դավիթն անակնկալ կերպով ազատ արձակվեց։

2012-ի հուլիսի 2-ին Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, շնորհավորելով դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, հրահանգեց աշխատել այնպես, որ քաղաքացին հավատա ու վստահի դատախազությանը։ Դատախազության աշխատակիցներին շնորհավորելու եկած վարչապետ Տիգրան Սարգսյանն, ի դեպ, նշեց, որ անհրաժեշտ է, որ քաղաքացին չվախենա դատախազությունից։