Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Դիմակային» արվեստ կամ ինչպես է թանգարանը գունավորում կորոնավիրուսային կյանքը (տեսանյութ)

Եթե նույնիսկ, հետեւելով պարետատան  ցուցումներին,  միայն բժշկական դիմակներ եք կրում, չէր խանգարի ունենալ «արվեստի նմուշ» դիմակ։

Երվանդ Քոչարի  թանգարանն առաջիններից էր, որ  կորոնավիրուսային պարապուրդի ժամանակ  հանդես  եկավ «դիմակային» նախաձեռնությամբ։

Երբ կառավարությունը հայտարարեց, որ կարելի է կրել նաեւ կտորից դիմակներ, որոշեցին առաջարկ անել նրանց, ում համար,  տիկին Կարինեի խոսքով, «բժշկական դիմակները անհրապույր են եւ զրկում են  իրենց կերպարի մասին անհատական պատկերացումներից»։

Թանգարանի առաջարկած դիմակները ներկայացնում են Երվանդ Քոչարի բազմաժանր արվեստը,  եւ գնորդը ընտրում  է իր էությանը համապատասխան АRTդիմակ։ Դիմակներին պատկերված են մաեստրոյի փարիզյան շրջանի աշխատանքները։

АRTդիմակներն արժեն 2000 դրամ եւ կարելի է ձեռք բերել թանգարանի խանութում: 

Այսօր շատ է քննարկվում հարցը, ինչպիսին կլինի մշակույթը կորոնավիրուսային այս իրավիճակից հետո։

«Ինչպիսի ապագա էլ մեզ սպասվի, կարծում եմ՝ դրանք հետագայում  հուշ կհանդիսանան այս անցած օրերի համար»,-ասում է Կարինե Քոչարը։

Նրա  կարծիքով՝ ցանկացած իրավիճակում պետք է գտնել մի լույս, դեպի ապագա տանող ճանապարհ, հիմնվել դրա վրա ու  փորձել իրականացնել լավ  ծրագրեր։

Թանգարանը համավարակից նաեւ օգուտ է քաղել

Կարինե Քոչարն ասում է, որ տխուր է  թանգարանն առանց այցելուների եւ միջոցառումների, բայց իրենք որոշեցին օգտվել այս դադարից։

Կրթության, գիտության,  մշակույթի եւ սպորտի  նախարարության աջակցությամբ վերանորոգվել է  թանգարանի տեսահսկողական համակարգը, որը բավականին հին էր եւ մաշված։

«Այս ամիսներին, երբ ոչ ոք չէր այցելում, կարողացանք իրականացնել նորոգման աշխատանքներ։Որոշ գումարներ եւս տնտեսվեցին, քանի որ միջոցառումներ չարվեցին, եւ դրանք արդեն կուղղվեն այլ համակարգեր արդիականացնելու համար, դա երեւի արդեն աշնանը»,- ընդգծեց Կարինե Քոչարը։

Այս ընթացքում ակտիվ գործում է թանգարանի ֆեյսբուքյան  էջը, որտեղ պարբերաբար հրապարակվում են Քոչարի տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործությունները։