Բացել լրահոսը Փակել լրահոսը

Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՍԴ-ին առնչվող օրենքը

A A

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։

Օրենսդրական փաթեթը հեղինակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը եւ Վահագն Հովակիմյանը: Նախագծերով ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ կատարված փոփոխություններին համահունչ` ապահովել Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:

Մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ` առաջինը թեկնածուի առաջադրում կատարելու է Կառավարությունը, երկրորդը` Հանրապետության նախագահը, իսկ երրորդ առաջադրումն անելու է Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ  դատավորների երեք  թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում: Նախատեսվում է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

Մեկ այլ փոփոխությամբ,  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու նպատակով սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաեւ բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

Փոփոխություններ  են կատարվում նաեւ  լիազորությունների ժամկետը ավարտված եւ պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների`  կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում: Հստակեցվում է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների` պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը: